Լևոն Մարտիրոսյանը ազատ, անկախ և միացյալ Հայաստանի կողմնակից է
ПолитикаԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը պարզաբանել է իր հարցազրույցի առաջացրած թյուրըմբռնումը և հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ինքն արտահայտել է հայաստանյան թե իշխանական, թե ընդդիմադիր քաղաքական ուժերի հնչեցրած տեսակետներից մեկը:
Լրագրողների հարցին ի պատասխան պատգամավորը նշեց, որ ասել է մի բան, որ վերջին 25 տարվա մեջ բոլոր քաղաքական գործիչները` թե իշխանության, թե ընդդիմադիր, ասել են: «Ես իմ անունից որևէ բան չեմ ասել: Փոխզիջումային տարբերակ միշտ էլ քննարկվել է, միշտ էլ Հայաստանի Հանրապետության և իշխանությունը, և ընդդիմությունը փոխզիջումային տարբերակի մասին խոսել են: Ես իմ անունից չեմ խոսել, չեմ ասել, որ ես ուզում եմ, պահանջում եմ հողեր հանձնել»,-ասաց Լևոն Մարտիրոսյանը: Պատգամավորը շեշտեց, որ ազատ, անկախ և միացյալ Հայաստանի կողմնակից է:
Լևոն Մարտիրոսյանը, խոսելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակների մասին, մասնավորապես, նշել է. «Մենք չենք ժխտում, որ ինչ-որ մի պահի կարող է կոմպրոմիսային լուծում գտնվել` ազատագրված տարածքներից որոշները հանձնելով Ադրբեջանին` կայուն ու երաշխավորված անվտանգություն ապահովելով Ղարաբաղի բնակչության, ինչպես նաև Ղարաբաղի կարգավիճակը հստակեցնելու համար: Այստեղ նոր որևէ բան չկա, առանձնապես մտահոգվելու հարց չկա»: