Ծառայողական մեքենաների սպասարկման համար պետբյուջեից գիգանտային գումարներ են ծախսվում. Նիկոլ Փաշինյան
ПолитикаԱյսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակացության պատգամավոր Նիկոլ Փաշինյան 2016 թվականի բյուջեի վերաբերյալ մտքերի փոխանակման ժամանակ հայտարարեց, որ ինքն ունի երկու լուր՝ մեկը՝ ուրախալի, իսկ մյուսը՝ ոչ այդքան: Սկսելով վատ լուրից՝ պատգամավորն ասաց, որ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի բյուջեով եկամուտները պակասել են 8 մլրդ դրամով, ինչը նշանակում է, որ չեն ավելանա կենսաթոշակները, նպաստները:
«Իսկ լավ լուրն այն է, որ պետական կառավարման ծառայողական մեքենաների թիվը 83-ով ավելացել է, որի արդյունքում եկող տարի մեքենաների թիվը կլինի 1072»,- հեգնեց Նիկոլ Փաշինյանը համեմատական անցկացնելով Դանիայի խորհրդարանի հետ, որտեղ բնակաչության թիվը երկու անգամ ավելի է ՀՀ բնակչության թվից. «Բնակչությունը երկու անգամ ավել է, իսկ պետական բյուջեն 120 մլրդ դոլար է՝ ի տարբերություն ՀՀ 2.8 մլրդ դոլարի: Այս պարագայում Դանիայի պետական համակարգում կա 23 ծառայողական մեքենա»,-ասաց Ն. Փաշինյանը հավելելով. «Փորձեցի պաշտոնապես պարզել, թե Դանիայի խորհրդարանում քանի ծառայողական ավտոմեքենա կա: Դանիայի խորհրդարանից Ռիկերտ Տուբորկ անունով պաշտոնյան պաշտոնապես պատասխանեց, թե Դանիայի խորհրդարանում ծառայողական մեքենա ունի միայն խորհրդարանի խոսնակը: Երբ այս նամակը ստացա աչքերիս չէի հավատում, նորից եմ նամակ գրում եւ ասում, որ այ հարգելի Ռիկերտ Տուբորկ, սթափվեք, լրջացեք, ձե՞ռք եք առնում, ո՞նց թե ամբողջ Դանիայի խորհրդարանում ծառայողական մեքենա ունի միայն խոսնակը: Սակայն Ռիկերտ Տուբորկը մնաց իր դիրքում եւ մինչեւ վերջ պնդեց իր ասածը: Հիմա, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ուշադրութո՛ւն, ՀՀ ԱԺ-ում կա 82 ծառայողական ավտոմեքենա»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Պատգամավորը նաեւ նկատեց, որ ծառայողական մեքենաների սպասարկման համար պետբյուջեից գիգանտային գումարներ են ծախսվում, սակայն առաջին դասարանցիների համակարգիչներ տրամադրելու ծրագրի համար բյուջեում անգամ մեկ կոպեկ նախատեսված չէ:
Սոսե Չանդոյան