Ի՞նչ հետեւանքներ կունենան Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ լարումները
ПолитикаՍիրիայի պատճառով ռուս-թուրքական հարաբերությունները գնալով սրվում են, դա նկատելի է ոչ միայն երկու երկրների նախագահների հայտարարություններից, այլեւ Սիրիայում իրականացվող գործողություններից: Թե ինչ հետեւանքներ կունենա Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ լարվածությունը Սիրիայի պատճառով, Orer.am-ը զրույցի ընթացքում պարզեց արաբագետ Արմեն Պետրոսյանից:
«Ռուս-թուրքական հարաբերություններում, բացի իշխանական բարձրագույն ներկայացուցիչների միջև կտրուկ հռետորաբանությունից, նկատվում են նաեւ տնտեսական, քաղաքական, իրավական, քարոզչական մի շարք այլ ոլորտներում փոխադարձ հակաքայլեր ու հավելյալ սրացումներ:
Կողմերն անուղղակի դիմակայության մեջ են մտնում նաեւ Սիրիայի տարածքում ծավալվող գործընթացներում: Բանն այն է, որ Սիրիայի տարածքն անուղղակի բախման մարտադաշտ է դառնում երկու երկրների համար, եւ նաև սրանով էր պայմանավորված ի սկզբանե Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը: Թուրքական կողմն Արեւմուտքի հետ միասին բազմիցս մեղադրում էր Ռուսաստանին առ այն, որ ռուսական օդատիեզերական ուժերի գործողություններն ուղղված են ոչ թե «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության, այլ՝ սիրիական հակակառավարական, այսպես կոչված, չափավոր ընդդիմադիր կառույցների դեմ, որոնցից մի շարք ու առանցքային խմբավորումների հովանավորողն անձամբ Թուրքիան է:
Այս իրողություններն, անշուշտ, էական նշանակություն ունեն ներկայում ստեղծված դիրքային իրավիճակում, և պատահական չէ, որ թուրքական օդուժի կողմից ռուսական մարտական ինքնաթիռի խոցումից հետո Ռուսաստանն առավել ակտիվացրել է հարվածները ինչպես նշված կառույցների, թուրքական կողմի համար առանցքային հենակետ հանդիսացող թուրքոմաններով բնակեցված շրջանների դեմ, այնպես էլ, հիմք ընդունելով առկա տեղեկատվական որոշ տվյալներ, նաեւ՝ Թուրքիայից դեպի Սիրիա իբր մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների վրա»,- նշեց արաբագետը:
Ա.Պետրոսյանը նաեւ պարզաբանեց, որ մարդասիրական օգնության անվան տակ թուրքական իշխանությունները բազմիցս Սիրիայի տարածք են անցկացրել սպառազինություններ և այլ տեսակի աջակցություն սեփական հովանավորության ներքո գտնվող և ընդդեմ սիրիական գոծող վարչակարգի հանդես եկող տարաբնույթ խմբավորումների համար: «Վերոնշյալը և բազմաթիվ այլ իրողություններ լույս են սփռում այն իրողության վրա, թե ինչու են բախումների մարտադաշտ դարձել Սիրիայի հյուսիսային շրջանները: Հարկ է նշել, որ այս դիմակայության շրջանակներում Թուրքիան ևս ձեռնածալ չի մնում և իր հնարավորությունների սահմաններում է փորձում պատասխան տալ Ռուսաստանին:
Մասնավորապես, օրերս տարածվել է տեսանյութ, ըստ որի՝ թուրքական հովանավորության ներքո գործող «Ահրար ալ-Շամ» խմբավորման կողմից հարձակում է իրականացվել Լաթաքիայում տեղակայված ռուսական Հմայմիմ ռազմական օդանավակայանի դեմ»,- ասաց նա: Թե ինչի կհանգեցնեն օրեցօր ավելի ու ավելի սրվող ռուս-թուրքական հարաբերություններն, արաբագետը դժվարանում է կանխորոշել: «Բավական բարդ է ասել, թե ինչի կհանգեցնեն նման գործընթացները, բայց մի բան անհերքելի է՝ ռուս-թուրքական հարաբերությունները ինքնաթիռի խոցման միջադեպին նախորդած մակարդակին այլեւս տեւական ժամանակ չեն վերադառնա, եթե, իհարկե, ամեն ինչ ավելի չխորանա ու չսրվի:
Այնուամենայնիվ, մենք մեկ բան պետք է հասկանանք, որ սրացումն ու ուղղակի բախումը Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ այսօր կողմերից որեւէ մեկին ձեռնտու չէ, դա անգամ Թուրքիայի արեւմտյան գործընկերներին ձեռնտու չէ, որոնք Ռուսաստանին համարում են լուրջ մրցակից և մինչ այս լուռ բավականությամբ հետևում էին ռուս-թուրքական «խոսքային փոխհրաձգությանը»: Կողմերի միջեւ լարվածության որոշակի նվազեցում, իհարկե, հնարավոր է, իսկ այդ գործընթացն ավելի կարագանա միայն միջնորդ երկրների ներգրավվածության պարագայում»,- ասաց նա:
Սոսե Չանդոյան