ՀՀԿ-ական պատգամավորը՝ վաղվա հանրահավաքի մասին
Политика«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը վաղը՝ դեկտեմբերի 1-ին, կկազմակերպի հանրահավաք, որի ժամանակ ելույթներով հանդես կգան ընդդիմադիր քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ: Վերջիններս կոչով դիմելու են հանրահավաքի մասնակիցներին, որպեսզի նրանք դեկտեմբերի 6-ին կայանալիք ընտրությունների ժամանակ «Ոչ» ասեն սահմանադրական փոփոխություններին: Անցկացվելիք հանրահավաքի վերաբերյալ Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ:
«Այդ հանրահավաքներն ու հավաքները, երթերն ու քայլերթերը բոլորն էլ միջոց են մարդու խոսքը լսելի դարձնելու համար: Պետք է փորձենք որակական կամ բովանդակային առումով հասկանանք, թե ինչ են տալու հանրահավաքները: Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ասում է թե կներեք, որ անցած անգամ ինձ մոտ ոչինչ չստացվեց, բայց այս անգամ կստացվի կամ մյուսները, որոնք դժգոհում են ու չարախոսում, ոչնչի չեն հասնի: Եթե դու (Ս. Չ.՝ դիմում է Րաֆֆի Հովհաննիսյանին) այդքան մտահոգ էիր, 38-39% քվեն կարող էիր չմսխել: Նախագահական ընտրություններից հետո իրեն առաջարկել են սահմանադրական բարեփոխումների ղեկավար դառնալ եւ երկրում սահմանադրական բարեփոխումներ անցկացնել, սակայն նա անհայտ եւ հայտնի պատճառներով հրաժարվել է առաջարկից, քանի որ ընդդիմությունը սկսեց քարկոծել նրան՝ ասելով, թե չգնաս իշխանության հետ բանակցությունների»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:
«Ասեմ, որ հարթակում կանգնած գրեթե բոլոր ուժերը մշտապես խոսել են համակարգային փոփոխությունների մասին, իսկ «Ժառանգության« նախընտրական ծրագրերի մեջ հստակ նշված էր սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու մասին: Այս պարագայում անհասկանալի է, թե ինչն է իրենց խանգարում, որ բարեփոխումներին կողմ լինեն: Անհասկանալի է, թե նրանք ինչ են ուզում՝ նախագա՞հ լինել, թե՞ կրկին ինչ-որ բան փորձել: Նման դեպքում հասարակությունը պետք է իր ուշադրության կենտրոնում պահի այդ գործընթացը»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ժողովրդի մեծ հոսք կնկատվի դեպի բազմիցս վարկաբեկված քաղաքական ուժերի կողմից կազմակերպված հանրահավաքին, Հ. Սահակյանը նշեց. «Մեր գործընկերներն են եւ ես չէի ցանկանա նման գնահատականներ տալ, սակայն ճիշտ եք նկատում՝ վստահություն չկա: Անվստահության այն մթնոլորտը, որ այսօր կա իշխանության նկատմամբ, դրանից մի փոքր ավելի շատ կա ընդդիմության նկատմամբ, քանի որ ժողովրդի կողմից ընդդիմությանը տված քվեն նրանք մսխել են բառիս բուն իմաստով՝ սկսած Րաֆֆի Հովհաննիսյանից, ավարտած մնացածներով: Միգուցե հանրահավաք կազմակերպելու փոխարեն աշխատեին վստահության մակարդակը բարձրացնել: Մարդաշա՞տ կլինի հանրահավաքը, թե՞ ոչ, կարեւոր չէ, կարեւոր են այն հարցերը որոնք կբարձրացվեն այնտեղ, կարեոր է նաեւ այն, թե ինչ լուծումներ են փնտրելու ու ինչ առաջարկներ են անելու նրանք»:
Սոսե Չանդոյան