Հիմա ի՞նչ, չպայքարե՞նք. Պետրոս Մակեյան
ПолитикаԴեկտեմբերի 1-ին համազգային համաժողով է հրավիրված, որից հետո էլ պարզ կլինի, թե ինչ քայլերի կգնան համախմբված ընդդիմադիր ուժերը՝ կմնա՞ն ժողովրդի հետ Ազատության հրապարակում, թե՞ ոչ: Կարեւորը ժողովրդի որոշումն է, վաղը պարզ կլինի, թե ինչպես ենք գործելու: Այս մասին Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը:
Հարցին, թե արդյոք հասարակությունը կվստահի բազմաթիվ անգամ ձախողված ու ժողովրդին հիասթափեցրած ընդդիմությանը, Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Ամեն մեկի գործն էլ կարելի է պիտակավորել, սակայն պետք է հասկանանք, որ այս ամենը կազմակերպողն ու իրականացնողն իշխանությունն է, իսկ ընդդիմությունը, որը, եթե անգամ սխալներ է թույլ տվել, շարունակում է պայքարել: Հիմա ի՞նչ, չպայքարե՞նք, որ խրախճանքը շարունակվի այս ոհմակի կողմից»,- հարցադրում կատարեց ընդդիմադիր գործիչը՝ շարունակելով իր խոսքը: «Ես չեմ հասկանում, ամեն ինչ պետք է թողնել այս վիճակո՞ւմ, որ մեր երկրի երիտասարդությունը հավաքվի ու փորձի զենքով հարցեր լուծել, այդ դեպքում մեր պետությունն ինչի՞ կվերածվի»,- ասաց նա:
Խոսելով նաեւ երկրում տիրող իրավիճակի մասին՝ ընդդիմադիր քաղաքական գործիչն առաջ քաշեց աղքատության խնդիրն ու հակադրեց որոշ չինովնիկների ցոփ ու շվայտ կյանքը: «Ահավոր է, երբ երկրի կեսից շատը հացի խնդիր ունի, իսկ մոտ քառասուն կամ հիսուն ընտանիք հղփացել են աննկարագրելի ձեւով: Այսօր նրանք կարող են ազատության մեջ լինել, իսկ Շանթի նմանները փակվեն բերդերում»,- ասաց նա:
Թեպետ ընդդիմադիր գործիչը չի ընդունում «պախարակված ընդդիմություն» բառակապակցությունը, բայց, այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ՝ ժողովուրդը մեկ անգամ չէ, որ վստահել ու մեծ հիասթափություն է ապրել ընդդիմությունից, դե, իսկ առաջ քաշված խնդիրներն էլ, ինչպես միշտ, մնացել են օդից կախված: Ինչեւէ, հանրահավաքի կազմակերպիչները Ազատության հրապարակում հանդես կգան հայտարարություններով, իսկ թե որքանով համոզիչ կլինի նրանց խոսքը հանրության համար, կտեսնենք վաղը:
Սոսե Չանդոյան