Ազատության հրապարակում ցնցումներ չեն լինի. ՀՀԿ-ական պատգամավոր
ПолитикаԻնչպես արդեն հայտնել էինք, այսօր Ազատության հրապարակում ընդդիմադիր դաշտում առանձին գործող, սակայն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ միասնական հանդես եկող ուժի՝ «Նոր Հայաստանի» հանրահավաքն է: Լավ ճանաչելով հայաստանյան ընդդիմությանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց, որ որեւէ արտառոց բան Ազատության հրապարակում տեղի չի ունենա:
«Դժվար է կանխատեսել, թե ինչ քայլերի կգնա այսօրվա ընդդիմությունը: Կյանքն ապացուցել է, որ քաղաքական դաշտում կարող են լինել ոչ տրամաբանական քայլեր, սակայն կարող եմ ասել, որ Ազատության հրապարակում ցնցումներ չեն լինի»,- ասաց պատգամավորը՝ բացելով չակերտները: «Նման եզրահանգման եմ եկել, որովհետեւ հասարակությունը կազմակերպիչների հետեւից չի գնա: Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ իշխանության կողմից տվյալ հարցի շուրջ լուրջ անհանգստություն չկա»,- ասաց նա:
Խոսելով նաեւ հանրահավաքի լայնամասշտաբ լինել-չլինելու մասին՝ պատագամավորը նշեց. «Չեմ կարծում, որ այս օրերին կլինեն խոշորամասշտաբ հավաքներ ու երթեր, համենայն դեպս, ես այդպես եմ կարծում»:
Տեղեկացնենք, որ ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների եւ բնակիչների ահազանգերի, այսօր չեն աշխատում մի քանի երթուղիներ: Քաղաքացիները նման գործելաոճը բացատրում են այսօրվա հանրահավաքի փաստով: Վերջիններս պատրաստվում են Երեւան ժամանել տրանսպորտային այլ միջոցներից օգտվելով:
Սոսե Չանդոյան