Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է «Ուրախ խաղեր» մրցույթը
СпортՀաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան ընդառաջ դեկտեմբերի 2-ին անցկացվել են «Ուրախ խաղեր» էստաֆետային մրցումները, որոնց մասնակցել են Երևանի հատուկ և հիմնական դպրոցների աշակերտները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Եղիշ Դավթյանը ողջունել է ներկաներին և նրանց է փոխանցել նախարար Գաբրիել Ղազարյանի ուղերձը, որում մասնավորապես ասվում է. «Շնորհավորելով Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ՝ ցանկանում եմ հատկապես հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց մաղթել լինել ակտիվ, նախաձեռնող և իրենց կարողությունների չափով մասնակցել մեր հայրենիքի կառուցման և հզորացման գործին:
Դեկտեմբերի 3-ը 1992-ին ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր:
Մեր երկիրը 2006 թվականի դեկտեմբերին միացավ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիային, և 2008 թվականին ստեղծվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով: Այսօր Հայաստանում ապրում է տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող 177 հազար մարդ: Մեր հասարակության մեջ հաճախ խոսվում է հասարակության այլ անդամներից հաշմանդամություն ունե ցող անձանց մեկուսացվածության և շփումների սահմանափակության մասին: Ես կոչ եմ անում և հորդորում եմ բոլորիս քիչ խոսել և ավելի շատ աշխատել՝ այս կարծրատիպը կոտրելու համար»:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ «Հայկական Հատուկ Օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության կազմակերպած միջոցառման նպատակն էր հատուկ կարիքների տեր երեխաներին օգնել ինտեգրվելու իրենց հասակակիցների շարքերում:
Միջոցառումը հնարավորություն է ընձեռել մտավոր սահմանափակումներով և առանց սահմանափակումների երեխաներին շփվելու, հաղորդակցվելու և ընկերանալու խաղահրապարակում և դրանից դուրս, ինչպես նաև նպաստել է մտավոր սահմանափակումներով անձանց ֆիզիկական, մտավոր և սոցիալական զարգացմանն ու ինտեգրմանը, նրանց կարողությունների ու ներուժի վերաբերյալ հասարակության լայն խավերի շրջանում տեղեկատվության տարածմանը: