Նախագահը հյուրընկալել է Զորի Բալայանին և Հայաստան ժամանած ռուս մտավորականների պատվիրակությանը
ПолитикаՆախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 3-ին հյուրընկալել է գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զորի Բալայանին և անվանի մտավորականի ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած ռուս մտավորականների ներկայացուցչական պատվիրակությանը, որի մեջ են վաստակաշատ գրողներ, դրամատուրգներ, կինոռեժիսորներ, լրագրողներ, հրապարակախոսներ, արվեստի և գրականության բնագավառի մի շարք այլ գործիչն եր: Նաև նրանց աջակցությամբ է, որ Մոսկվայի հայտնի «Խուդոժեստվեննայա լիտերատուրա» հրատարակչությունը լույս է ընծայել Զորի Բալայանի ստեղծագործությունների ութ հատորյակը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել հանդիպմանը ներկա Հայաստանի բարեկամներին, ովքեր, Նախագահի խոսքով, տարիներ շարունակ իրենց գործունեությամբ մեծապես նպաստում են հայ-ռուսական դարավոր բարեկամության ամրապնդմանն ու երկու երկրների միջև հումանիտար և այլ ոլորտներում սերտ փոխգործակցության զարգացմանը:
Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Զորի Բալայանին ծննդյան հոբելյանի, ինչպես նաև նրա ստեղծագործությունների ժողովածուի հրատարակման կապակցությամբ, մաղթել առողջություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր հաջողություններ: