Փորձագետը՝ Հայաստանին սպառնացող հնարավոր ահաբեկչական վտանգների մասին
ПолитикаՀայաստանում օրերս հայտնաբերվել եւ վնասազերծվել է մի խումբ, որն ըստ ԱԱԾ տեղեկատվության, պատրաստվել է հանցավոր գործողություններ իրականացնել ՀՀ-ի տարածքում: Հայաստանին սպառնացող ահաբեկչական վտանգների մասին Orer.am-ը զրուցեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ, ով իր խոսքում նշեց, որ «Իսլամական պետության» կամ այլ իսլամական ծայրահեղ արմատական խմբավորման կողմից Հայաստանի հասցեին հնչեցված ուղղակի սպառնալիքներ դեռեւս չկան:
«Մինչդեռ զգոնության մակարդակն ավելի պետք է բարձրացվի, իրավապահ մարմիններն առավել աչալուրջ ու ճկուն պետք է լինեն: Այս պահին բավական քաոսային իրավիճակ է ողջ տարածաշրջանում, եւ չեն բացառվում ահաբեկչական կառույցներից զատ նաև կողմնակի ուժերի՝ նաև այլ ուղղությունններով իրավիճակը թեժացնելուն միտված հնարավոր գործողությունները, այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետության անվտանգության ծառայություններն իրենց գործունեությունը հնարավոր բարձրագույն մակարդակի պետք է հասցնեն»,- ասաց Ա. Պետրոսյանը:
Խոսելով նաեւ այն մասին, որ Հայաստանը համարվում է դաշնակից և բարեկամ պետություն Ռուսաստանին, որը ներկայում էական հարվածներ է հասցնում Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին, փորձագետը նկատեց, որ որոշակի տրամաբանական կապ կարելի է գտնել առկա հանգամանքների շղթայում եւ հնարավոր զարգացումները կարող են հանգեցնել նաև որոշ հետեւանքների: «Այն, որ Հայաստանի Հանրապետության շահերն այսօր Սիրիայում և առհասարակ տարածաշրջանում համապատասխանում են Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության կողմից իրականացվող քաղաքականությանը փաստ է եւ այս իրողությունը թույլ է տալիս առնվազն հաշվի առնել՝ չբացառել, որ վերոնշյալ պետությունների մրցակից կամ հակառակորդ ուժերի կողմից Հայաստանը կարող է դիտարկվել որպես դաշնակից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով«,- ասաց նա:
Սոսե Չանդոյան