ՀՅԴ-ի համար սահմանադրական փոփոխություններն անցկացնելու չափ կարևոր է արդար հանրաքվեի կազմակերպումը
ПолитикаՀՅԴ-ի համար չափազանց կարևոր է, որպեսզի սահմանադրական բարեփոխումներն անցնեն, սակայն նույնչափ կարևոր է, որպեսզի հանրաքվեն լինի հնարավորինս արդար: Այս մասին դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Մենք լուսնից չենք իջել, հրաշալի հասկանում ենք, որ կարող են լինել խախտումներ, սակայն համոզված ենք, որ հնարավոր է կազմակերպել հնարավորինս արդար ու թափանցիկ հ անրաքվե, որովհետև դա լինելու է առաջիկա տարիների ընթացքում մեր հասարակության կյանքի կազմակերպող ընդհանուր կանոնները: Այս Սահմանադրությամբ չեն ապրելու միայն «այո» ասողները, սրանով ապրելու են բոլորը՝ և «այո» ասողները, և «ոչ» ասողները, և ընդդիմությունը, և իշխանությունը»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Վարդանյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ, անդրադառնալով մամուլում արդեն իսկ տարբեր խախտումների մասին խոսակցություններին, նշեց, որ հանրաքվեի ընթացքը վերահսկելու միակ արդյունավետ ճանապարհը ընտրատեղամասերում պատշաճ հսկողություն իրականացնելն է: «Թող այդ մեծ-մեծ խոսողները, որ իբր այդքան մեծ ժողովրդականություն են վայելում, թող մի հատ բացատրեն, այդ ո՞նց եղավ, որ միայն ՀՅԴ-ն է կարողացել 2 հազար տեղամասում ունենալ առնվազն երկու ներկայացուցիչ: Թող իրենք նրա մասին խոսեն, որ չեն կարողանում տեղամասերում վստահված անձ ունենալ: Երբ խոսում են խախտումների մասին, լավ կանեն լինեն տեղերում, վերահսկեն, թույլ չտան, որպեսզի կրկնակի քվեարկություններ լինեն: Դա հնարավոր է: Եթե տեղամասում աչքը բաց, ընտրական օրենսգրքից հասկացող մեկ մարդ էլ լինի, կարող է կանխել նման դեպքերը: Մենք նման օրինակներ էլ ունենք, երբ մեկ հոգին կարողացել է ողջ տեղամասն իր սահմանների մեջ պահել և թույլ չի տվել, որպեսզի կեղծարարություն տեղի ունենա»,- եզրափակեց Ռուստամյանը: