Էլեկտրոնային քվեարկությունն ավարտվել է դեկտեմբերի 1-ին, սակայն արդյունքները կամփոփվեն այսօր. ԿԸՀ փոխնախագահ
ПолитикаԷլեկտրոնային քվեարկության արդյունքները ևս կամփոփվեն այսօր, որն սկսվել է նոյեմբերի 27-ին եւ ավարտվել դեկտեմբերի 1-ին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնում լրագրողներին հայտնել է ԿԸՀ փոխնախագահ Լաուրա Գալստյանը:
Նրա խոսքով Սահմանադրության փոփոխության հանրաքվեին էլեկտրոնային քվեարկության կարող էին մասնակցել 265 ՀՀ քաղաքացի։
«Էլեկտրոնային քվեարկությունը սկսվում է բուն քվեարկության օրից ինն օր առաջ Երեւանի ժամանակով ժամը 8։00-ին եւ ավարտվում հինգ օր առաջ 20։00-ին։ Այսինքն` սկսվել է նոյեմբերի 27-ին ու ավարտվել դեկտեմբերի 1-ին։ Էլեկտրոնային քվեարկության արդյունքները ամփոփվում են քվեարկության ավարտից հետո, այսինքն՝ այսօր։ ԿԸՀ համապատասխան նիստում կամփոփվի ու կհրապարակվի արդյունքների վերաբերյալ արձանագրությունը։ Կարող են նիստին ներկա գտնվել դիտորդներ, վստահված անձինք եւ լրագրողներ»,-նշել է ԿԸՀ փոխնախագահը:
Նշենք, որ ընտրական օրենսգրքի ու Հանրաքվեի մասին օրենքի համաձայն՝ էլեկտրոնային քվեարկության մասնակցելու իրավունք ունեն ՀՀ դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող քաղաքացիները եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները։ Նշված դրույթը տարածվում է նաեւ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց՝ արտասահմանում տեղակայված մասնաճյուղերում աշխատողների եւ նրանց՝ ընտրելու իրավունք ունեցող ընտանիքի անդամների վրա: