ՀՅԴ-ում սահմանադրական բարեփոխումներն ընտրական համակարգը վստահելի դարձնելու հնարավորություն են համարում
ПолитикаԱզգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը միակողմանի է համարում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքում ընտրակեղծիքների մասին չստուգված հայտարարություններն ու խոսակցությունները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանն արձանագրեց, որ հանրաքվեն կայացել է, և Հայաստանն ունի նոր բարեփոխված Սահմանադրություն: «Մեր ներկայացուցիչների միջոցով հետևել ենք հանրաքվեի ընթացքին, և մենք էլ ստացել ենք ահազանգեր: Շատ տեղերում ՀՅԴ ներկայացուցիչների միջոցով ուղղակի կանխվել են նման դեպքերը: Ինչ վերաբերում է այլ հարցերին, կապված խախտումների հետ, քանի դեռ այդ խախտման դեպքերը ստուգված չեն, ուրեմն միակողմանի են: Այդ ուժերը, որոնք խոսում են համատարած խախտումների մասին, մինչև հանրաքվեի օրն էլ հայտարարում էին, թե հանրաքվեն կեղծիքներով է անցնելու»,- ընդգծեց Ռուստամյանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը նաև հիշեցրեց, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցկացվել է մի ընտրական համակարգում, որի թերությունների մասին բոլորը գիտեն:
«Այդ թերությունները միշտ արձանագրվելու են, եթե մենք չփոխենք համակարգը: Այդ համակարգը փոխելու համար լավագույն հիմք են ստեղծում սահմանադրական փոփոխությունները, որը հնարավորություն կտա ընտրական համակարգը համապատասխանեցնել այն չափանիշներին, որ կարողանանք վստահելի ընտրություններ ու հանրաքվե ունենալ»,- հավելեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքների նկատմամբ անվստահությունը գալիս է ընտրական համակարգի նկատմամբ եղած անվստահությունից, որը կուտակվել է տարիների ընթացքում , և որևէ մեկը , որն ունի անվստահություն, չի պատրաստվում իր տեսակետը փոխել, մանավանդ, որ այդ արդյունքները իրեն ձեռնտու չեն:
Հանրաքվեի արդյունքների նախնական տվյալներով` քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 303 հազար 466 քաղաքացի: Անվավեր է ճանաչվել 53 հազար 332 քվեաթերթիկ, «այո» է քվեարկել 825 հազար 851 մարդ, «ոչ»` 421 հազար 600: