Քաղտեխնոլոգն առաջիկայում շրջադարձային քաղաքական զարգացումներ չի կանխատեսում
ПолитикаՍահմանադրական բարեփոխումների գործընթացը թե «այո»-ի, թե «ոչ»-ի ճակատները բավական ծայրահեղ էին ներկայացնում: Ընդդիմությունն ասում էր, եթե «այո»-ն անցնի, ապա երկիրը կկործանվի, իշխանությունն էլ նշում էր, որ «ոչ»-ի դեպքում, պետությունը հետ քայլ կկատարի:
Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Այո և ոչ» իրապատման հեղինակ, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Իհարկե, երկու թևերում էլ կային գործիչներ, ովքեր ադեկվատ էին, բայց եթե դիտարկում ենք մամուլում հրապարակումները, սոցիալական ցանցում քննարկումները, պավորություն էր, թե տարբեր Հայաստաններ էին քվեարկել: Հավատացեք, ավելի շատ այս իրավիճակն է տխրեցնում, քան այն, որ մարդիկ ,«այո» կասեն, թե «ոչ»»,- ասաց Կարեն Քոչարյանը:
Փորձագետը նկատեց, որ հասարակության շրջանում անվստահություն է տիրում: Ահա այս ստեղծված իրավիճակում, երբ անվստահություն կա բոլոր ոլորտներում, դժվար է որևէ քայլ առաջ գցել: «Խորացող դեգրադացիայի համատեքստում, դեպի լավատեսություն տանող հատիկները գնալով ավելի քիչ եմ տեսնում: Ինչ վերաբերում է առաջիկա զարգացումներին, ապա որևէ շրջադարձային իրավիճակ չեմ սպասում: Պատճառները տարբեր են:
«Նոր Հայաստանը» միգուցե քայլեր կանի, բայց այստեղ քաղաքական բաղադրիչը պակասում է: Պատահական չէ, որ այդ նույն ուժը փորձում էր այլ քաղաքական գործիչների հրավիրել»,- ասաց Կարեն Քոչարյանը` նկատելով, որ ի վերջո լոկոմոտիվը քաղաքական ուժն է: Դրանից բացի, առաջիկայում Ամանոր է, և մեր քաղաքացիները ավելի շատ զբաղվելու են տոնական գործերով, քան քաղաքական հարցերով:
Քոչարյանի դիտարկմաբ ` «Այո և ոչ» ռեալիթի շոուն մի քանի կարևոր խնդիր լուծեց: Ամենակարևորներից մեկն այն էր, որ քարոզարշավից առաջ եղած համընդհանուր անտարբերությունը քվեարկությունից առաջ կոտրվել էր: «Եթե սկզբում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում վերջիններիս կողմից հնչում էին միայն սոցիալական բնույթի հարցեր, ապա վերջում իրավիճակը փոխվել էր: Արդեն մարդիկ ուղղում էին հարցեր սահմանադրական բարեփոխումների հետ կապված»,-ասաց Կարեն Քոչարյանը:
Երկրորդ կարևոր խնդիրն այն էր, որ քաղաքական, հասարակական գործիչներն անմիջական շփվեցին բնակիչների հետ, այլ ոչ թե նախորդ ընտրությունների նման սահմանափակվում էին միայն հարթակներից ելույթ ունենալով: Թոքշուի շրջանակում «այո»-ի և «ոչ»-ի ներկայացուցիչները զգացին ու տեսան, թե իրականում ինչպես են բնակիչները մարզերում ապրում, ինչ են մտածում:
«Այսպիսի ռեալիթի շոու առաջին անգամ էր Հայաստանում, այն կարևոր փորձ էր թե հեռուստատեսային աշխատողների, թե քաղաքական դաշտի համար: Ցանկալի կլիներ, որ ընդդիմադիր հատվածի լայն շրջանակը մասնակցեր և օգտվեր ընձեռած հնարավորությունից, բայց տարբեր պատճառներով չհամաձայնեցին: Իմ կարծիքով, շոուի մեկնարկից առաջ որոշ գործիչներ մտափոխվել էին, բայց արդեն ուշ էր»,-եզրափակեց քաղտեխնոլոգը: