ԱԺ-ն փակ քվեարկությամբ ընտրել է ՀՌԱՀ անդամներին
ПолитикаԱզգային ժողովը փակ քվեարկությամբ ընտրել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներին: Մրցութային հանձնաժողովի կազմակերպած մրցույթի արդյունքներով ներկայացվել էին Կորյուն Առաքելյանի, Հայկ Քոթանյանի և Արմեն Մկրտչյանի թեկնածությունները:
ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտնեց, որ ՀՌԱՀ անդամի թեկնածու Արմեն Մկրտչյանի ընտրության քվեարկությանը մասնակցել է 131 պատգամավորներից 91-ը: «Եղել է 1 անվավարե քվեաթերթիկ: Արմեն Մկրտչյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 78, դեմ՝ 12 պատգամավոր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ավետիսյանը:
ՀՌԱՀ անդամի թեկնածու Հայկ Քոթանյանի ընտրության քվեարկությանը մասնակցել է 91 պատգամավոր, որոնցից 82-ը կողմ է քվեարկել նրա թեկնածությանը, 8-ը՝ դեմ:
ՀՌԱՀ անդամի վերջին թեկնածուի՝ Կորյուն Առաքելյանի ընտրության քվեարկությանը ևս մասնակցել է 91 պատգամավոր, 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 79, դեմ՝ 10 պատգամավոր: