Սեյրան Օհանյանը` ԼՂՀ հարավարեւելյան հատվածում տանկերի կրակոցների մասին
ПолитикаԱյսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ադրբեջանական կողմի՝ ԼՂՀ հարավարեւելյան հատվածում տանկից կրակոցների միջադեպին, ասաց. «Սահմանին լարվածության վիճակը հասել է գագաթնակետին, սակայն հայկական զինուժի կողմից սահմանային վերահսկողությունն իրականացվում է պատշաճ մակարդակով: Հակառակորդը կրակում է ոչ միայն հրաձգային զենքերից, այլ նաեւ ականանետերից, բավական մեծ քանակությամբ կրակոցներ են գրանցվել: Իհարկե, կրակոցները դիպուկ չեն եղել, բայց սա հակառակորդի կողմից իրավիճակի ապակայունացնող քաղաքականության արդյունք է։ Դա կարող է հետեւանք լինել տարբեր քաղաքական իրադարձությունների՝ նախագահների նախապատրաստվող հանդիպումներ, Մերձավոր արեւելքում տիրող իրավիճակ եւ այլն»,- ասաց պաշտպանության նախարարը։
Սեյրան Օհանյանը նաեւ հայտնեց, որ հակառակորդին զսպելու բոլոր միջոցները ներդրված են: «Այսօր Զինված ուժերի ղեկավարությունը՝ ես, գլխավոր շտաբի պետը, ԼՂՀ պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը, ամբողջությամբ ընկղմված են առաջին գծի իրավիճակի վերահսկման գործի մեջ։ Ուզում եմ, որ մեր ժողովուրդը վստահ լինի՝ մենք զսպման մեխանիզմներ ենք ձեւավորում։ Մենք գործ ունենք մի հարեւանի հետ, որը պարզ մարդկային լեզուն չի հասկանում: Նա չի հասկանում, որ բանակցային գործընթացի հաջողությունների մեջ մենք պետք է վստահության մթնոլորտի ձեւավորման համապատասխան մեխանիզմ մտածենք»,- ասաց նախարարը։
Սեյրան Օհանյանը անդրադառնալով նաեւ երկխոսության թեմային նշեց. «Երկխոսության համար պետք է հրադադար, փոխադարձ պայմանավորվածություն, սակայն հակառակորդը դեմ է միջազգային հետաքննության անցկացումից, մինչդեռ միայն միջազգային հետաքննությունն է, որ կարող է պարզել՝ որ կողմն է մեղավորը։ Եկել է ժամանակը, որ միջազգային կառույցները լրջորեն մտածեն միջազգային հետաքննության անցկացման մեխանիզմների ձեւավորման մասին։ Ես այսօր այս թեմայով զրուցել եմ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի Անջեյ Կասպրշիկի հետ։ Հայկական կողմը Եվրոպական խաղերի ժամանակ զսպվածություն է ցուցաբերել, իսկ Հայաստանում արդեն 4-5 օր է՝ հանրաքվեն լարվածության պայմաններում է անցել եւ անցնում, եւ դա է պատճառը, որ շատ զինվորականներ չեն կարողացել իջնել դիրքերից եւ իրենց քաղաքացիական պարտքը կատարել»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Սոսե Չանդոյան