Թշնամու հանդեպ պետք է լինել զգոն եւ պատրաստ ցանկացած գործողության
ПолитикаՕրերս ռուսական մամուլում տարածվեց տեղեկություն այն մասին, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, թե Հայաստանի տարածք են ներխուժելու ղարաբաղյան հատվածից: Թե որքանով են սպառնալիքներն իրատեսական, Orer.am-ը զրույցի ընթացքում պարզեց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանից:
«Քանի որ տեղեկությունը ռուսական լրատվամիջոցներից է վերցված, կարծում եմ` ինչ-որ անճշտութjուն կա` հաշվի առնելով ռուս-թուրքական հարաբերությունների ձգվածության մակարդակը: Ընդհանուր առմամբ ընկալելի է թուրքական նման դիրքորոշման արդեն որերորդ անգամ կրկնելը: Նրանք նման հայտարարություններ են անում 1993 թվականից ի վեր: Վերջին անգամ նման կոչով փորձեցին դիմել նաեւ ՆԱՏO-ի խորհրդարանական ասամբլեայում»,-ասաց պատգամավորը հավելելով, թե ինքը մշտապես հնարավորություն է ունեցել արձագանքել ու ասել, որ մի երկիր, որը հյուսիսային կորպուսն է օկուպացված պահում, իրավունք չունի ընդհանրապես խոսել ու ուրիշին դաստիարակել, իսկ լավագույն դաստիարակությունը սկսում է սեփական գործողություններով:
«Երբ ուրիշի տարածքից դուրս կգան, այդ ժամանակ նոր կփորձենք ուշադրություն դարձնել նրանց հայտարարություններին կամ ոչ: Իսկ այն, որ Թուրքիան ուղղակի բացահայտորեն Ադրբեջանի դիրքորոշումն է պահում, ոչ մեկի համար գաղտնի չէ: Մենք պարզապես պետք է շատ ու շատ ուշադիր լինենք, մենք պետք է հզոր երկիր, հզոր տնտեսություն ու հզոր բանակ կառուցենք: Մենք պետք է նաեւ հասկանանք, որ Թուրքիայի կողմից անվտանգության խոսքերը պարզապես բառեր չեն, այլեւ գործողությունների շրջանակ: Մի երկիր, որը 100 տարի առաջ ցեղասպանություն է գործել, դրանից հետո հարձակումներ է կատարել իր հարեւանների ուղղությամբ: Ուշադրություն դարձնենք Իրաքի վարչապետի կոչին ու Թուրքիայի արձագանքին, վարչապետը կոչ էր անել թուրքական զորքը Իրաքից, իսկ Թուրքիան էլ արձագանքել էր՝ ասելով, թե զորքը չենք հանի, բայց դրա ավելացումն էլ չի նկատվի, այս պարագայում էլ ինչ կարելի է սպասել Թուրքիայից»,- նկատեց պատգամավորը:
Թեւան Պողոսյանը զրույցի ընթացքում նաեւ հիշեցրեց, որ Թուրքիան այն երկիրն է, որը բազմիցս Հայաստանի պետական սահմանը հատել է ուղղաթիռներով, իսկ Սիրիայի տարածքում ռուսական ինքնաթիռ է խոցում: «Պետք է ասեմ, որ Թուրքիայի կոչերը չի կարելի ասել, որ պարզապես խոսքեր էին: Մենք պետք է շատ ուշադիր լինենք ու բոլոր տեղերում բարձրաձայնենք այս մասին եւ միասին պատրաստ լինենք ցանկացած սադրանքի Թուրքիայի կողմից: Լրջության աստիճանն իսկապես պետք է բարձր լինի: Թշնամու հանդեպ պետք է լինել զգոն եւ պատրաստ ցանկացած գործողության: Մենք պետք է սահմանենք անվտանգության այնպիսի կանոններ, որ Թուրքիայի կողմից ցանկացած սադրանքի կարողանանք պատասխանել ու պաշտպանվել»,- հավելեց նա:
Սոսե Չանդոյան