ԱԺ դահլիճում, կառավարությունում, նախարարություններում պետք է առաջին հերթին տեղական արտադրության համակարգիչները տեղադրված լինեն
ПолитикаԱյսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նպատակը հավասար իրավական վիճակի ստեղծումն է, ինչը, բնականաբար, դրական է: «Այս նախագծի հիմնավորման մեջ առնվազն պետք է լիներ այն, թե որքանով է սա խթանելու առեւտուրը: Բացի ձեւական իրավական հավասար պայմանների ապահովումից, շատ սկզբունքային նշանակություն ունի, թե այս նախագիծը նպաստելո՞ւ է արդյոք Հայաստանի տնտեսության զարգացմանը, թե՞ ոչ: Եվ եթե այդ համատեքստում ենք նայում, տեսնում ենք, որ սա ընդհանուր քաղաքականության մի փոքրիկ բաղադրիչ է, բայց, ցավոք, ես չլսեցի այդ մոտեցումները: Ցավոք, որովհետեւ մենք իրականացնում ենք ազատ տնտեսական գոտիների քաղաքականություն եւ ցավալիորեն այդ ուղղությամբ առաջընթաց դեռեւս չունենք»,- ասաց Ա. Մինասյանը՝ որպես օրինակ բերելով պատգամավորների սեղաններին դրված համակարգիչները:
«ՀՀ-ում կա ձեռնարկություն, որն արտադրում է տեղական արտադրության համակարգիչներ, պլանշետներ եւ այլ նորարարական տեխնիկաներ եւ այստեղ առաջին հերթին, նույն ԱԺ դահլիճում, կառավարությունում, նախարարություններում, պետք է առաջին հերթին տեղական արտադրության համակարգիչները տեղադրված լինեն: Մեր տեղական արտադրանքի իրացման առումով պետք է հստակ քաղաքականություն իրականացնենք, մինչդեռ ազատ տնտեսական գոտում ստեղծված ձեռնարկությունը ոչ միայն չի արտահանվում տարբեր տիպի խոչընդոտների պատճառով, նաեւ սահմանափակված է նրա մուտքը հայկական շուկա: Փաստորեն, պետք է ավելացված արժեքի հարկը վճարես, որ նոր կարողանաս իրացնել, ինչո՞ ւ: Կարծում եմ, որ պետք է քվոտա տրվի, շուկայում ինչ-որ քվոտա տվեք, որ տեղական արտադրությունը մտնի շուկա: Եթե մենք՝ ինքներս, պետական այրեր, մեր առջեւ դրված համակարգիչները տեղական արտադրության չեն, մենք ո՞ նց պետք է ցույց տանք, որ դրսի կազմակերպություն, այս կազմակերպության ապրանքների նկատմամբ պահանջարկ ներկայացրու: Սա ամենահստակ եւ կարճ ճանապարհն է, որ կարող ենք իրականացնել: Ճիշտ է, որ կառավարությունը նախաձեռնեց եւ ընդունեց օրենք, որի շրջանակներում գումարի վերադարձի սխեմա իրականացվեց այն ապրանքների մասով, որոնք Հայաստանում գնում են, եւ գնորդը պետք է տաներ դուրս: Բայց սա թղթի վրա մնաց»,- ասաց նա:
Պատգամավորը նաեւ հավելեց ու ընդգծեց, որ շատ կարեւոր է, որ էկոնոմիկայի նախարարությունը տնտեսական զարգացման, այդ թվում՝ առեւտրի քաղաքականության ոլորտով զբաղվող կառույցը նախաձեռնի այս ամենը: «Ընդհանուր առեւտրի քաղաքականության ոլորտում պետք է ներկայացվի հայեցակարգը, թե ինչպես ենք մենք խթանում հայկական ապրանքների առեւտուրը: Ես հասկանում եմ, որ բյուջետային առումով կարող են որոշակի խնդիրներ առաջանալ, բայց դա էկոնոմիկայի նախարարության խնդիրը չպետք է լինի: Նախարարության խնդիրը պետք է լինի Հայաստանի տնտեսության զարգացումը խթանելը, այդ թվում՝ առեւտուրը: Կարեւոր է անդրադառնալ նաեւ տեխնիկական լուծումներին»,-ասաց նա:
Սոսե Չանդոյան