Զարուհի Փոստանջյան-Գալուստ Սահակյան «հակամարտությունը» շարունակվում է
ПолитикаԱյսօր ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում ՀՀ 2016-2018թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի երկրորդ ընթերցման քննարկման ժամանակ ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանի զեկույցից հետո ելույթ ունենալու համար գրանցվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ով, շեղվելով քննարկվող թեմայից, սկսեց քննադատել կառավարության կողմից վարվող քաղաքականությունը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Զարուհի Փոստանջյանին հորդորեց խոսել քննարկվող թեմայից, սակայն Փոստանջյանը, հաշվի չնստելով ԱԺ նախագահի հետ, շարունակեց քննադատել կառավարությանը, որից հետո Գալուստ Սահակյանը նորից հորդորեց չշեղվել քննարկվող թեմայից:
«Դուք քննարկվող թեմայի վերաբերյալ հարց ունե՞ք: Եթե ոչ, խոսափողն անջատեք: Անջատեք խոսափողը, թող միայն մեզ համար խոսի»,- ասաց ԱԺ նախագահը:
Զարուհի Փոստանջյանի խոսափողն անջատելուց հետո Գալուստ Սահակյանը կրկին դիմեց Զարուհի Փոստանջյանին՝ ասելով, որ վերջինս խախտում է ԱԺ կանոնակարգը: «Ձեզ հարգելով՝ թողեցի, որ երկար խոսեք: Ես կատարում եմ իմ լիազորությունները, իսկ դուք պարզապես գլխի չեք ընկել, թե որտեղ եք գտնվում: Խնդրում եմ նստեք ձեր տեղը»,- ընդգծեց Գալուստ Սահակյանը:
Սոսե Չանդոյան