ԵՄ-ն Հայաստանի հետ բանակցությունների մեկնարկից հարաբերությունների խորացում է ակնկալում
ПолитикаԵվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի գլխավորությամբ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացել է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստը:
Նիստի շրջանակում քննարկվել է ԵՄ արևելյան գործընկեր պետություններում տեղի ունեցող քաղաքական զարգացումները և թե ինչպես լավագույնս առաջ տանել Արևելյան գործընկերության ծրագիրը:
ԵՄ անդամ երկրների արտգործնախարարներն ընդգծել են արևելյան գործընկեր վեց պետությունների նկատմամբ տարբերակված դիրքորոշում ունենալու անհրաժեշտությունը: Խորհուրդը քննարկել է Հայաստանի հետ համընդգրկուն բանակցային նոր փուլի մեկնարկը, որը կնպաստի հարաբերությունների խորացմանը:
Նախարարները վերահաստատել են ԵՄ հանձնառությունը Ադրբեջանի հետ հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու առնչությամբ: Նրանք համաձայնության են եկել նաև այն հարցում, որ ԵՄ-ն պետք է շարունակի իր քաղաքականությունը Բելառուսի հետ:
Խորհրդի նիստում ամփոփվել է Վրաստանի և Մոլդովայի հետ խորը և համապարփակ ազատ առևտրի ռեալիզացման արդյունքները, ինչպես նաև քննարկվել Ուկրաինայում այդ ծրագրի մեկնարկը 2016 թվականի հունվարի 1-ից:
Ներկաները քննարկել են նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցը: Նրանք բարձր են գնահատել այս հարցում Մերձավոր Արևելքի և հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ համագործակցությունը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ազդարարել են Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը։