ՀՀ ԱԳ նախարարը գոհունակություն է հայտնել հայ-հունական ռազմական ընդլայնվող համագործակցության կապակցությամբ
ПолитикаՀայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 16-ին հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը նշել է, որ երկու երկրները կապված են բազմաթիվ պատմական և մշակութային կապերով և Հայաստանը կարևորում է ավանդական բարեկամ երկրի՝ Հունաստանի հետ հարաբերությունների առավել խորացումն ու ընդլայնումը։
Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը ընդգծել է, որ իր երկիրը բարձր է գնահատում փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-հունական միջպետական փոխհարաբերությունները, հավելելով, որ Հունաստանը հետաքրքրված է ՀՀ հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ և ամրապնդմամբ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել հայ-հունական ռազմական ընդլայնվող համագործակցության կապակցությամբ։
Նախարար Նալբանդյանը Փանոս Կամենոսին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը, ադրբեջանական կողմի շարունակական սադրանքների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրների, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարի շուրջ։