Շարմազանովը Սարգսյան-Ալիև հանդիպումից բանակցությունների շարունակականության ապահովում է ակնկալում
ПолитикаԱզգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ակնկալում է, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը հնարավորություն կտա շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կկարողանան Ադրբեջանին բացատրել, որ հարկավոր է մտքից հանել հակամարտության կարգավորման ռազմական լուծման հեռանկարը: «Պետք է Ադրբեջանին համոզել, որ չի կարելի արհամարհել համանախագահների ջանքերը, որոնք միտված են հակամարտության խաղաղ կարգավորմանը, որովհետև այդ ջանքերի արհամարհումը չի կարող որևէ լավ բանի հանգեցնել»,-նշեց Շարմազանովը:
Նա նկատեց, որ Ադրբեջանի գործողություններն անընդունելի են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար: Նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հստակ հասկացրել է Թուրքիային, որ պետք չէ քիթը խոթել ԼՂ հակամարտության կարգավորման մեջ: «Եվ դա ուղղված էր ոչ միայն Թուրքիային, այլ նաև Ադրբեջանին, որն ամեն պատեհ ու անպատեհ առիթով պահ է ման գալիս Մինսկի խմբի համանախագահութան ձևաչափը փոխելու և Թուրքիային այնտեղ խցկելու համար»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Նա չբացառեց, որ Լուկաշևիչի հայտարարությունը կապված է նաև ռուս-թուրքական հարաբերությունների սրացման հետ, սակայն նկատեց, որ դա միանգամայն բխում է հակամարտության խաղաղ կարգավորման շահերից:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայում: