Մի ընկեք քաղաքական ցայտնոտի մեջ և հանգիստ թողեք ԲՀԿ-ին. Նաիրա Զոհրաբյանի հերթական պատասխանը քննադատներին
Политика«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը հերթական անգամ օգտագործեց Ազգային ժողովի ամբիոնն իր կուսակցության քննադատներին պատասխանելու համար:
«2015թ. նոյեմբերի 4-ին Երևանում ստորագրված, Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցի քննարկման ժամանակ Նաիրա Զոհրաբյանը փորձեց պատասխանել վերջին օրերին կուսակցության հասցեին հնչող քննադատություններին, սակայն նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ընդհատեց նրան և անջատեց խոսափողը:
Նույն համաձայնագրի քննարկմանը ԲՀԿ առաջնորդը ԲՀԿ խմբակցության անունից ելույթի համար կրկին գրանցվեց և շարունակեց իր ելույթը: «Տիկին Նաղդալյան, նախ ցանկանում եմ հույս հայտնել, որ դուք չեք անջատի իմ խոսափողը, որովհետև մի փոքր խախտելու եմ կանոնակարգը: Քանի որ այստեղ երկու օր է՝ նախատոնական ադրենալինով ոգևորված ինչ-որ քաղաքական, գոյություն չունեցող քաղաքական ուժերի ներիկայացուցիչներ դատափետում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, մեկ հարց եմ ուղղում իրենց՝ ո՞ւր էին ձեր հանձնաժողովների անդամները:
Ինչո՞ւ այդպես դափոններով, պաչկաներով, էժանով վաճառվեցին: Վաճառվեցին ձեր հանձնաժողովի անդամները, այո, թերթեք հայաստանյան մամուլը և կտեսնեք, որ բազմաթիվ են հրապարակումները: Կրկնում եմ՝ դատավորի կեցվածք ընդունելուց առաջ հետևեիք, որ ձեր հանձնաժողովի անդամները լինեին իրենց տեղերում և ոչ թե էժանով վաճառվեին: Ի դեպ, ի համեմատություն նախորդ համապետական ընտրությունների վաճառքի՝ աճուրդի մեկնարկային գինը տվյալ հանձնաժողովներում եղել է բավականին ցածր: Այնպես որ, ինչ-որ շոուներ սարքելու փոխարեն զբաղվեք ձեր քաղաքական ուժերով: Կրկին կոչ եմ անում «Բարգավաճ Հայաստան»-ի ն հանգիստ թողնել: Եվ մի ընկեք քաղաքական ցայտնոտի մեջ միայն այն պատճառով, որ որևէ կերպ ձեզ չի հաջողվում «Բարգավաճ Հայաստան»-ին տեղավորել ձեր քաղաքական օրակարգի մեջ: Հաշտվեք այդ մտքի հետ»,- եզրափակեց Զոհրաբյանը:
Պատգամավորի ելույթին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը. «Տիկին Զոհրաբյան, ձեզ էլ, ԲՀԿ-ին էլ, մյուսներին էլ կոչ եմ անում տեղավորվել կանոնակարգի պահանջների մեջ: Ես հույս ունեմ, որ բոլորն էլ տեղավորվելու են: Համենայնդեպս, զգուշացնում եմ բոլորին: Խոսեք միայն քննարկվող թեմաների վերաբերյալ»: