Թեհրանում ձերբակալվել են Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակվածները
ПолитикаԹեհրանում ձերբակալվել է Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակման 40 մասնակից: Այդ մասին այսօր տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` վկայակոչելով AFP-ին:
«Դեսպանատուն մտած 40 մարդ ճանաչվել է եւ ձերբակալվել: Շարունակվում է հետաքննությունը միջադեպի այլ մեղավորների հայտնաբերման ուղղությամբ», - Թեհրանի դատախազ Աբբաս Ջաֆարի Դոլաթաբադիի հայտարարությունն է մեջբերում գործակալությունը:
Սաուդյան Արաբիայում հայտնի շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատժի կապակցությամբ ցույցի դուրս եկած ցուցարարները շաբաթից կիրակի օրվա գիշերը ներխուժել են Թեհրանում թագավորության դիվանագիտական առաքելության տարածք: Դրանից հետո թագավորության` Իրանի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող դիվանագիտական առաքելության տարածք են եկել ոստիկանները` կարգ ու կանոն հաստատելու:
Նրանք առանց ուժ կիրառելու ցուցարարներին դուրս են հրավիրել դիվանագիտական շենքերի համալիրից: Սաուդյան Արաբիայի Ներքին գործերի նախարարությունը շաբաթ հայտարարել էր ահաբեկչության համար մեղադրվող 47 մարդու մահապատժի մասին: Նրանց թվում էր ան-Նիմրը` իրավահավասարության եւ սահմանադրական բարեփոխումների օգտին եւ թագավորության արեւելքում ապրող շիա փոքրամասնության նկատմամբ խտրականության դեմ շարժման հիմնական ներշնչողներից մեկը: Քարոզիչը ձերբակալվել էր 2012-ի հուլիսի 8-ին` բողոքի զանգվածային ակցիաներ եւ անկարգություններ սադրելու մեղադրանքով: Դատարանի որոշումը կայացվել էր դեռեւս 2014-ի հոկտեմբերին: