Պուտինը` Պետրոս I-ի քաղաքականության շարունակող. բրիտանացի պրոֆեսոր
Международные новостиԲրիտանացի պատմաբան, պրոֆեսոր Օրլանդո Ֆայջեսի կարծիքով` պաշտոնական Մոսկվայի մերձավորարևելյան տարածաշրջանում սկսված հակամարտությանը միջամտելու մասին որոշումը պայմանավորված էր Ռուսաստանի և մուսուլմանական երկրների միջև անկայուն սահմաններ ունենալու հանգամանքով,- գրում է Orer.am-ը:
ՌԴ առաջնորդի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը նա նմանեցնում է համայն Ռուսիո առաջին կայսր Պետրոս I-ի կողմից վարած քաղաքականությանը: Պատմաբանի կարծիքով, սակայն, Պուտինը փորձում է կայսերական Ռուսաստանի «ավանդույթներին» ավելացնել նաև խորհրդային տարիներից ժառանգություն ստացած դրականը` ձգտելով վերականգնել ոչ միայն երկրի երբեմնի հզորությունը, այլ նաև տարածաշրջանային գերտերության կարգավիճակ ձեռք բերելու համար:
Ֆայջեսի կարծիքով այդ է պատճառը, որ պուտինյան Ռուսաստանը ինչպես Արևմուտքի, այնպես էլ արևելյան տարածաշրջանի երկրների հետ փորձում է վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն:
«Երբ Պուտինը իշխանության եկավ, նա սկսեց «քայլել» Բորիս Ելցինի հետքերով, նպատակ ունենալով Ռուսաստանը Եվրոպայի լիիրավ խաղացողներից մեկը դարձնել, սակայն նա երբեք էլ չի ցանկացել հետևել եվրոպական ազատական հայացքներին: Պուտինի կարծիքով` դրանք կվարակեն Ռուսաստանը»,- ասում է բրիտանացի պատմաբանը:
Նա նաև նշում է, որ ՌԴ առաջնոդի գործունեության վերլուծությունից հետևում է նաև, որ նրա ցանկությունը Ռուսաստանը պահպանողական արժեքներով եվրոպական առաջատար գերտերություն դարձնելն է, որը դեմ է գունավոր հեղափոխություններին և համասեռամոլության տարածմանը երկրում:
«Պուտինի քաղաքականությունը հիմնված է 19-րդ դարի ավանդույթների և այն դերակատարման վրա, որը երկիրն ուներ 1848-ական թվականներին: Ռուսաստանի ներկայիս առաջնորդի ռազմավարությունը նման է նաև Նիկոլայ I կայսեր կողմից վարվող ռազմավարությանը, ով հրահրեց Ղրիմի պատերազմը»,- ասում է Օրլանդո Ֆայջեսը:
Բրիտանացի պրոֆեսորի կարծիքով` Պուտինը Նիկոլայ I կայսեր նման ցանկանում է հարևան պետությունները թուլացնել, ինչպես ժամանակին Օսմանյան կայսրությունում ապրող քրիստոնյա ազգերի գործոնն օգտագործելով` արեց Նիկոլայ I-ը:
Բացի այդ, Նիկոլայ I-ը նաև վեճեր էր հրահրում Բալկաններում և Կովկասում, որն, ի վերջո, վերածվեց ռուս-թուրքական պատերազմի:
«Ներկայում Ռուսաստանը և Թուրքիան մրցակցում են Մերձավոր Արևելքում: Ռուսաստանի բնակչության մեկ հինգերորդը մուսուլմաններ են, ինչը անհանգստանալու առիթ է, քանի որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կարող էր ակտիվանալ նաև Կովկասում: Եվ այդ մտավախությունից ելնելով` Ռուսաստանը միջամտեց սիրիական հարցին: Եվ եթե Ռուսաստանին հաջողվի Ասադի և ընդդիմության հետ ռազմական կոալիցիա ստեղծել և նրանց միջև քաղաքական երկոսություն սկսել, ապա դա կլինի Ռուսաստանի ամենամեծ ձեռքբերումը»,- եզրակացնում է բրիտանացի պրոֆեսորը:
Ա.Գ.