Լամ. Ժամանակն է փոխելու «Ոսկե գնդակը». այն ընդամենը մրցույթ է հարձակվողների համար
Спорт«Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լամը «Goal.com»-ի իր սյունակում առաջարկել է փոխել «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ձևաչափը։
«Ի՞նչ կասեիք «Ոսկե գնդակի» հաջորդ տարվա հավակնորդներին «Facebook»-ի միջոցով ընտրելու մասին։ Դա կարող է արդիական տարբերակ լինել, և արդյունքը կլիներ նույնը, ինչ եղավ երկուշաբթի օրը։
«Fabebook»-ում երեք ամենաճանաչված մարզիկներն են Կրիշտիանու Ռոնալդուն՝ 108 միլիոն հետևողներով, Լիոնել Մեսսին՝ ավելի քան 81 միլիոնով, և Նեյմարը՝ 54 միլիոն երկրպագուներով։
Առաջինը. ես ուզում եմ ասել, որ Ռոնալդուն, Մեսսին ու Նեյմարը ֆանտաստիկ ֆուտբոլիստներ են։ Որևէ քննարկումից վեր է այն, որ նրանք արժանիորեն են ներկայացվել այդ անվանակարգում։
Բայց ես հարցնում եմ ինքս ինձ՝ ի՞նչ է նշանակում քվեարկել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի համար։ Իհարկե, դա մրցանակ է տարվա լավագույն ֆուտբոլիստի համար։ Դա նշանակում է՝ այն դաշտում ցույց տրվածի և նվաճած մրցանակների համար է։ Միայն մի ֆուտբոլիստ, ով ոչ միայն միայն միջազգային հանդիպումների է մասնակցում, այլև հաջողակ է բարձրագույն մակարդակում, կարող է հավակնել այդ մրցանակին։
Այս բանաձևում որևէ սխալ չկա։ Դա նշանակում է, որ տարվա լավագույն ֆուտբոլիստը մեկն է, ով միջազգային խաղացող է և մասնակցում է ակումբային բարձրագույն մրցաշարերին։
Բայց երբ քվեարկողները ազգային մարզիչներն են, ազգային հավաքականների ավագներն ու 209 երկրներից ընտրված լրագրողների խումբը, ես համոզված եմ, որ նրանցից միայն մի քանիսն են, շնորհիվ իրենց գիտելիքների, մտածում թեմայի մասին։ Ես ինքս նախկինում հինգ անգամ քվեարկել եմ և չեմ առանձնացնում ինձ այդպես վարվողների ցանկից։
Ես գիտեմ գործընթացը։ Մրցաշրջանի ընթացքում դու հաղորդագրություն ես ստանում, որով խնդրում են ցանկում ընդգրկված խաղացողներից երեքին ընտրել։ Եվ այդ ժամանակ դու պարզապես գնում ես ակնհայտ ընտրության, ինչը մեզ կրկին հանգեցնում է «Facebook»-ին։ Դու ճնշման տակ ես ամենամեծ ճանաչումն ունեցող անունների պատճառով, խաղացողներ, ում մասին դու անմիջապես հիշում ես լուսանկարներով կամ հանդիպումներով։ Խաղացողներ, ովքեր ամենուր են, դաշտում և դրանից դուրս։ Դու քվեարկում ես «ամենատեսանելի» խաղացողների օգտին։
Ահա թե ինչու է «Ոսկե գնդակը» վերածվել «աշխարհի լավագույն հարձակվողի» կոչման համար քվեարկության։ Սա իմ մասնավոր կարծիքը չէ՝ որպես պաշտպանությունում հանդես եկող խաղացողի, այլ չեզոք և վիճակագրությամբ ապացուցված փաստ։
Ֆաբիո Կանավարոն միակ իսկական պաշտպանն է, ով նվաճել է «Ոսկե գնդակը»։ Անմոռանալի Լոթար Մաթեուսը այդ մրցանակը 1991-ին ստացել է որպես կիսապաշտպան, նրանից հետո Զինեդին Զիդանը, բայց Մաթեուսը շատ ավելի հարձակվողական էր մտածում։ Երկուսն էլ այդ մրցանակները նվաճել են թվային դարաշրջանի սկսվելուց առաջ։ Օլիվեր Կանն ու Մանուել Նոյերը բարձրացել են բեմ, սակայն ոչ մի դարպասապահ չի նվաճել այդ մրցանակը, բացի 1963-ին Լև Յաշինից։ Երկար պատմությունը կարճ կապելով՝ միայն շատ գոլեր խփող ֆուտբոլիստներն են ունակ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչումն ստանալուն։
Իհարկե, երբ գնդակը ցանցում է, դա կախարդական պահ է ֆուտբոլ խաղացող երեխաների համար և նրանց մոտիվացնում է ակումբներին միանալու։ Մեր սպորտը կարիքն ունի մահացու հարձակվողների, գոլահարների, հերոսների...
Բայց ֆուտբոլը շատ ավելին է, քան փառքի ակնթարթները։ Այն թիմային աշխատանք է, միասնություն, պաշտպանություն, փոխանցումներ, զոհաբերություն։
Երբ ՖԻՖԱ-ն մրցանակ է հանձնում, այն չպետք է մարքեթինգային մրցանակ լինի, որը հանրությունը շնորհում է մեդիայի ստեղծած խենթ սպորտի արդյունքում։ Հնարավոր է՝ չպետք է անհատական մրցանակ լինի թիմային մարզաձևում, այլ, ի հավելում տարվա խորհրդանշական հավաքականի, փոխարենը պետք է լինեն չորս մրցանակներ լավագույն դարպասապահի, պաշտպանի, կիսապաշտպանի և հարձակվողի համար։
Սա այն պատճառով է, որ, իմ կարծիքով, չի կարող լինել մի մարդ, ով աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ 2015-ին Լիոնել Մեսսին արժանի էր աշխարհի լավագույն հարձակվողի մրցանակին։ Շնորհավորում եմ, Մեսսի»,-գրել է Լամը։