Թուրքիայի և Ադրբեջանի ներքին ճգնաժամերը մարտահրավեր են Հայաստանի համար
ПолитикаԵվրամիությունում առաջացած ճգնաժամը, պայմանավորված միգրացիոն հոսքերով՝ ինչ որ չափով կապվում է նաև Հայաստանի շահերի հետ: ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի հովանավորներից ու աջակիցներից մեկը, հետևաբար այնտեղ կատարվող իրադարձություններն իրենց ազդեցությունը կթողնեն Հայաստանում: Արմենպրեսի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց քաղաքագետ, գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:
«Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը, Թուրքիայի և Ադրբեջանի ներքին ճգնաժամերը ևս մարտահրավերներ են Հայաստանի համար: Թե Թուրքիայում, և թե Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները, ներքին քաղաքական լարվածությունը շատ լուրջ են»,- նշեց քաղաքագետը:
Գրիգորյանի դիտարկմամբ՝ մյուս մարտահրավերն Հայաստանի համար «Գազպրոմ» ընկերության կողմից սահմանված Հայաստան ներմուծվող գազի սակագինն է: «Գազպրոմն» Ուկրաինայի համար գազի ավելի ցածր սակագին է սահմանել, քան Հայաստանի համար :
«Օրինակ Ուկրաինայի համար գազի սակագինը 100 խմ գազի համար մոտավորապես 200 դոլար է, իսկ Հայաստանի սպառողի համար գինը տատանվում է 280-320 դոլարի սահմաններում: Գազի գինը կախված է նավթի գնից, նավթի գինն ընկնում է ու դրան զուգահեռ ընկնում է գազի գինը»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ եթե Հայաստանը թանկ գնով գնում է գազը, իր արտադրանքը շուկայում այլևս մրցունակ համարվել չի կարող: