Ազատության հրապարակում հավաքված մարդիկ այսօր լիդերի խնդիր ունեն. ընդդիմադիր պատգամավոր
ПолитикаԱյն, որ հայաստանյան քաղաքական դաշտում այսօր տիրում է ռոմանտիկ վիճակ, ակնհայտ է: Տարբեր բեւեռներում գտնվող քաղաքական ուժերը կարծես մոռացել են իրենց հիմնական սկզբունքների ու այն մասին, որ իրենցից յուրաքանչյուրն իր դերն ու նշանակությունն ունի սեփական էլեկտորատի համար: Այսօրվա դրությամբ անգամ իրեն ընդդիմություն հռչակածները գոնե մի կծու խոսք չեն ասում իշխանությունների հասցեին, միայն Ազատության հրապարակում հավաքված սակավաթիվ մարդիկ են, որոնք ինչ-որ գործընթացի մաս են կազմում: Հենց այս մասին էլ Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ.
«Ես ողջունում եմ Ազատության հրապարակում մինչ օրս հավաքված մարդկանց քաջությունն ու հետեւողականությունը, քանի որ նրանք փորձում են ինչ-որ ձեւով խնդիրներ լուծել, սակայն նրանց պայքարի մեթոդը կարծես արդյունք չի տալիս: Ես կոչ կանեի, որ իրենք նոր մարտավարություն մշակեին եւ Ազատության հրապարակում հավաքվեն այն ժամանակ, երբ կկարողանան հստակ ծրագրով հանդես գալ ու իրենց հետեւից ժողովուրդ տանել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ, ըստ էության, Ազատության հրապարակում հավաքվածների համար չկա ո´չ ժողովրդի, ո´չ էլ քաղաքական ուժերի աջակցությունը:
«Քաղաքական ուժերը եւս հաշվարկում են իրենց հնարավորությունները, այդ իսկ պատճառով էլ Ազատության հրապարակում չեն: Ժողովուրդն այսօր պատրաստ չէ այդ ուժերի հետեւից գնալ, որովհետեւ չի տեսնում միասնականություն»,- հավելեց նա: Իսկ թե որն է խնդիրը, որ ո´չ ժողովուրդը, ո´չ էլ ընդդիմադիր քաղաքական ուժերից շատերը չեն միանում այդ շարժմանը, Լ. Սարգսյանը նկատեց. «Ազատության հրապարակում հավաքված մարդիկ այսօր լիդերի խնդիր ունեն: Ասում են՝ կարեւորը գաղափարն է, այլ ոչ թե անձը, իսկ ես կասեմ, որ անձը միշտ էլ կարեւոր է հատկապես այն դեպքում, երբ համախմբման ինչ-որ գործընթաց պետք է տեղի ունենա: Մինչ օրս մարդիկ որպես ընդդիմադիր գործիչ գնացել են Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւից, որովհետեւ նա իրոք կարողացել է համախմբել ընդդիմությանը, քանի որ երկրի առաջին նախագահը կարողանում էր իր ծրագրային դրույթներով հանդես գալ ու ժողովրդին մոբիլիզացնել: Նրա նման լիդերները շատ քիչ են Հայաստանում: Ամեն դեպքում, դա՝ որպես փաստ, մարդիկ պետք է ընդունեն»,- ասաց նա: