ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստին
ПолитикаՀայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցել է հունվարի 20-21-ին Ստրասբուրգում կայացած Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստին, որը համանախագահում էին Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը և Եվրոպական խորհրդարանի անդամ Սաջադ Քարիմը:
Նիստին մասնակցում էին ՀՀ ԱԺ և Եվրոպական խորհրդարանի անդամներ, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի ծառայության պաշտոնյաներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ձևավորված աշխատանքային ավանդույթի համաձայն ԱԳ նախարարի տեղակալը հանձնաժողովին ներկայացրել է ՀՀ մոտեցումները և դիրքորոշումները նիստի օրակարգում ներառված Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ վիճակի ու զարգացման հեռանկարների, ԵՄ հետ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների, Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ԼՂ հակամ արտության կարգավորման, տարածաշրջանային զարգացումների ու այլ հարցերի վերաբերյալ:
Նիստի ընթացքում փոխնախարար Նազարյանը պատասխանել ու մեկնաբանել մասնակիցների մի շարք հարցեր, որոնք առնչվում էին Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացմանը, ձեռքբերումներին ու առաջիկա անելիքներին: Կարեն Նազարյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ԵՄ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը՝ նշելով, որ հարցի տեղափոխումն այլ հարթակներ կամ զուգահեռ գործընթացներ իրականացնելը կարող են խաթարել միջնորդական ջանքերը և առավել վտանգել տարածաշրջանային կայունությունը: Իր խոսքում նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարելիցի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ու անդամ երկրների կողմից ընդունած համապատասխան բանաձևերը, անդրադարձ կատարեց սիրիական ճգնաժամի արդյունքում Հայաստանում ապաստան գտած անձանց հիմնահարցերին՝ կոչ անելով եվրոպական գործընկերներին աջակցել ՀՀ կառավարության ջանքերին՝ ուղղված նրանց սոցիալ-տնտեսական ինտեգրմանը։
Այս և մի շարք այլ հարցեր ներառվել են հանձնաժողովի նիստի արդյունքում ընդունված եզրափակիչ հայտարարությունում: