ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն այլընտրանք չունի. տնտեսագետ
ПолитикаՀայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն այլընտրանք չունի: Հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց տնտեսագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը: «Եվրասիական տնտեսական միությունը, որքան էլ որ կայացման փուլում է, որպես տարածաշրջանային միություն, այլընտրանք չունի: Ինչպես նաև այլընտրանք չունի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը, որից հրաժարվելը Հայաստանի համար տնտեսական և քաղաքական առումով «ինքնասպանություն» կլիներ»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Մանասերյանը:
Տնտեսագետն ընդգծեց, որ 2015թ.ԵԱՏՄ-ի համար դժվարություններով ու փորձություններով լի տարի էր: Նրա խոսքով՝ 2016թ. Հայաստանի համար կլինի հնարավորությունների տարի: «Եվրասիական տնտեսական միությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ մեծ պահանջարկ կա, որտեղ Հայաստանը առաջատար է ու կարող է օգտագործել իր հնարավորությունները: Մենք պետք է կարողանանք ազգային հստակ օրակարգ ձևավորել, որովհետև 2016թ. որքան հնարավորությունների, այնքան էլ դժվարությունների տարի է լինելու, որոնց մենք պետք է կարողանանք դիմակայել»,- եզրափակեց տնտեսագետը: