«Հարսնաքարի գործով» ամբաստանյալի պաշտպանը պահանջում է արդարացնել կամ համաներում կիրառել
Политика
Aravot.am-ը գրում է. Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական ճառով հանդես եկան ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը, ամբաստանյալներ Դավիթ Ադամյանը եւ Նորայր Հայրապետյանը: Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը անդրադարձավ դատախազի մի արտահայտությանը, այն է՝ «երկար ժամանակ ընթացող դատաքննությամբ պարզվեց, թե ով է կատարել հանցագործույթունը»: Նա հարցով դիմեց, թե այդ դեպքում, եթե որեւէ ապացույց չկա, ինչո՞ւ եք ինձ 13 տարի դատում: Նա ասաց, որ օգնել է ճշմարտությունը բացահայտելու. «Սպորտսմեն տղա եմ, խփել եմ եւ ոչ դիտավորությամբ կատարվել է… Դա կարող է լինել ռինգում, ես իմ արածն ընդունում եմ, բայց ինչո՞ւ 13 տարի»: Նա հորդորեց դատարանին, որ իրեն դատեն իր արածի համար եւ առանց նպատակ ունենալու քաղաքականացնելու: Ըստ նրա, բոլորին էլ հասկանալի է, որ հասարակությունն է պահանջում դա եւ ասաց, որ հասարակությունը թող իրեն չդատի եւ որ ինքը իր խղճի առաջ է պատասխանում: Պաշտպանական ճառի ժամանակ ամբաստանյալը անդրադարձավ տուժողների ներկայացուցիչ, այսօրվա դատական նիստից բացակա Տիգրան Եգորյանին, սակայն դատավոր Դավիթ Հարությունյանը ընդհատեց, երբ Նորայր Հայրապետյանն ասաց. «Եգորյանը քաղաքական ուժերի կողմից է գործում»: Ամբաստանյալ, «Հարսնաքարի» մատուցող Դավիթ Ադամյանն ասաց, որ ճշմարտությունն է հայտնել դատարանում, ասաց, որ ինքը չի եղել դեպքի վայրում՝ ավտոկայանատեղիում, բնականաբար ծեծին չի մասնակցել, իսկ այն, որ ինքը անուն է տվել, պայմանավորված է նրանով, որ 35 տարեկան տղա է, ոչ մի անգամ ոստիկանությունում չի եղել եւ ենթարկվել է այնպիսի ճնշումների, որի ժամանակ կտար ցանկացած անուն: Նա ասաց, որ հանգուցյալ Վահե Ավետյանին հարվածել է միայն նրա համար, որ հայհոյել է իր ընտանիքին: Ամբաստանյալն ասաց, որ ոչ մի անգամ որեւէ մեկին չի ցավացրել եւ ինքը շատ կուզեր, որ տուժողները հայտնեին, թե դեպքի օրը իրենք ինչ ձեւով են իրենց պահել: