Ալեքսանդր Գրիգորյան. «Կարծում եմ, որ Ռուսաստանի առաջին խմբում ներկայիս «Արարատը» կլիներ միջին հորիզոնականներում»
Спорт«Արարատ» - «ԲՄԱ-Էներգիա» (0:1) ստուգողական խաղից հետո հայկական թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, ռուսական թիմը գլխավորող Ալեքսանդր Գրիգորյանը եւ վերջերս Խաբարովսկի թիմ տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Ռուսլան Կորյանը իրենց տպավորություններն են կիսել երեւանյան ակումբի լրատվական ծառայության հետ:
«Արարատ»-ի գլխավոր մարզիչՎարուժան Սուքիասյանը մասնավորապես ասել է. «Խաղից խաղ բարելավվում է մեր թիմի ստեղծագործական աշխատանքը: Խաղի կազմակերպվածությոնը ներկայումս ավելի բարձր մակարդակ ունի: Գոլեր ենք ակնկալում մեր հարձակվողներից: Կրկին չկարողացանք իրացնել մի քանի գոլային հնարավորություններ: Ամեն դեպքում, բավականին լավ հանդիպում անցկացրեցինք` հատկապես առաջին խաղակեսում: Լավ տպավորություն թողեցին թիմի նորեկները»:
Ալեքսանդր Գրիգորյանի խոսքով՝ հայկական թիմն իրեն դուր է եկել, քանի որ մինչեւ վերջ պայքարում էր դրական արդյունքի համար եւ ագրեսիվ է գործում հարձակման գծում:
«Զգացվում է, որ «Արարատի» մարզաշապիկը կրելը պարտավորեցնում է ֆուտբոլիստներին խաղալ մեծ նվիրվածությամբ: Ինչ վերաբերում է իմ թիմին, մենք այսօր շատ վատ խաղացինք: Կարծում եմ, որ Ռուսաստանի առաջին խմբում ներկայիս «Արարատը» կլիներ միջին հորիզոնականներում: Ծանոթ եմ «Արարատի» նորեկ Սերգեյ Ավագիմյանի խաղին: Որակյալ խաղ ց ուցադրող ձախլիկ պաշտպան է, ով բավականին լավ է խլում գնդակը եւ միանում գրոհներին»,- նշել է ռուսական թիմի գլխավոր մարզիչը:
Հայկական թիմի խաղին անդրադառնալով՝ Ռուսլան Կորյանը մասնավորապես ասել է. «Արարատը» լավ թիմ է: Պայքարում են մինչեւ վերջ, գնդակի հետ «դու»-ով են շփվում: Միշտ էլ հետաքրքիր է այսպիսի մրցակիցների հետ խաղալը»: