Օզբիլիսը չի մասնակցի «Դեպորտիվոյի» հետ խաղին
Спорт«Ռայո Վալյեկանոյի» նորեկ Արազ Օզբիլիսը չի ընդգրկվել Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի՝ «Դեպորտիվոյի» դեմ խաղի հայտացուցակում: Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Պակո Խեմեսը նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ նորեկները դեռևս լավ մարզավիճակում չեն:
«Կան ֆուտբոլիստներ, ովքեր վերջերս են մեզ միացել և դեռևս չեն կարող մրցակցել: Երբ նրանք լավ մարզավիճակ ձեռք բերեն, հնարավորություն կստանան: Նորեկներն իրենց ունակություններն ապացուցելու խնդիր ունեն»,-ասել է Խեմեսը:
«Դեպորտիվո»-«Ռայո Վալյեկանո» հանդիպումը կայանալու է փետրվարի 1-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:30-ին:
Արազ Օզբիլիսի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բեշիքթաշին», ում հետ հայ ֆուտբոլիստը 4,5 տարվա պայմանագիր է կնքել, իսկ «Ռայո Վալյեկանոյում» նա հանդես է գալու վարձակալությամբ, մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: