Էդվարդ Նալբանդյանը Թինաթին Խիդաշելիին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի կարգավորման ՀՀ և Մինսկի խմբի ջանքերը
ПолитикаՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 1-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիին։
Ինչպես տեղեկացավ ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ երկու բարեկամ երկրների միջև ակտիվ շփումներն ու բարձր մակարդակի փոխայցելությունները նպաստում են հայ-վրացական հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Թինաթին Խիդաշելին ներկայացրել է իր այցելության նպատակները, Պաշտպանության նախարարությունում ունեցած հանդիպման արդյունքները։
Հանդիպմանն անդրադարձ է արվել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման հնարավորություններին։
Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի պաշտպանության նախարարին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։