Ա. Ռուստամյանը պարզաբանում է, թե ինչ է նշանակում «վարկաբեկված իշխանություն» ասվածը
ПолитикаՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով երեկվա իր այն հայտարարությանը, թե «իշխանությունը հեղինակազրկված» է, ասաց, որ իրականում իր միտքը կոնտեքստից կտրված է ներկայացվել հանրությանը:
«Ես իմ խոսքից չեմ հրաժարվում, այդ ամենն ասել եմ իրավիճակի տրամաբանական վերլուծությամբ: Եթե կա լուրջ դժգոհություն, իսկ այդ դժգոհությունը կա, համարում եմ, որ անգամ սահմանադրական հանրաքվեի ընթացքում արձանագրված «ոչ»-ի քանակը խոսում է այն մասին, որ կա լուրջ դժգոհություն: Եվ ուրեմն` այդ դժգոհությունը չի՞ նշանակում, որ կան չլուծված հարցեր, կուտակված խնդիրներ, որոնք լուծված չեն եւ պետք է լուծել: Բնականաբար, չի կարող մեծ հեղինակություն ունենալ իշխանությունը, եթե չի լուծել առաջացած խնդիրները: Այդ հեղինակության պակասը նաեւ մեր խնդիրն է, մենք դա չենք դիտարկում միայն որպես իշխող ուժի խնդիր: Ուզում ենք երկիրը բերել այնպիսի մակարդակի, որ ժողովուրդը վստահի իր իշխանություններին»,- ասաց նա:
Խմբակցության ղեկավարը նաեւ հավելեց, որ ՀՅԴ-ի համագործակցությունն իշխանությունների հետ ընդամենը միջոց է նպատակներին հասնելու համար: «Մեր համագործակցությունը միջոց է, ես նպատակների մասին եմ մտածում, որ մեր երկիրն այս իրավիճակից դուրս գա: Երկրում ունենք լուրջ խնդիրներ, որոնք պետք է հաղթահարել: Դրա համար «Դաշնակցությունը» պատրաստ է ամեն ինչ դնել՝ անգամ իր հեղինակությունը: Էս հարցով որեւէ մեկի մոտ թող կասկած չմնա: Մենք սկսել ենք լավ պրոցես, պետք է շարունակենք, որպեսզի դրական արդյունքներով շտկենք երկրում տիրող իրավիճակը: Մեր միակ մտահոգությունն այն է, որ չվտանգվի երկրի առաջընթաց զարգացումը, այլ մտահոգություն ինձ համար գոյություն չունի: Ցանկացած համագործակցություն ստորադաս է այդ խնդրին: Մենք ինքնանպատակ որեւէ համագործակցության մեջ չենք մտել եւ չենք մտնի»,- պարզաբանեց Արմեն Ռուստամյանը հավելելով, թե իրենք իշխանությունների հետ համագործակցության են գնում հանուն երկրի ու ժողովրդի ապագայի:
«Այդ պորտֆելների վեճը, որ սկսվել է մամուլում, մեզ համար անընդունելի է. մենք պորտֆելների կռիվ չենք տալիս, մենք աթոռակռիվ չենք տալիս: Մեր մասնակցությամբ կուտակված հարցերն ենք ուզում լուծել, անընդհատ ասում ենք, բայց կան հակադաշնակցական տրամադրությունների մեջ ապրող մարդիկ, որոնք ուզում են «Դաշնակցությանը» տեսնել իրենց պրիմիտիվ պատկերացումների մեջ»,- շեշտեց պատգամավորը:
Սոսե Չանդոյան