Շարմազանովն անդրադարձել է Ռուստամյանի հայտարարությանը
ПолитикаՀՀԿ-ն որևէ մեկի առաջ դռներ չի փակել ոչ նախկինում, ոչ հիմա ու ոչ էլ հետագայում կփակի: Սակայն ցանկացած համագործակցություն պետք է լինի ծրագրային ու գաղափարական հիմքի վրա:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հեռանկարներին:
«Թե ինչպիսի ընթացք կունենա այս ամենը, չեմ կարող ասել, քանի դեռ քննարկումները չեն վերջացել: Քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ ու վերջնական որոշում չկա որևէ նոր բան ասել չեմ կարող: Կլինի համագործակցություն երկու ուժերի միջև, թե ոչ, ժամանակը ցույց կտա»,- նշեց նա:
Անդրադառնալով ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե իշխանությունները հեղինակազրկված են, ԱԺ փոխնախագահն ասաց. «Իմ կարծիքը պարոն Ռուստամյանի հայտարարության հետ կապված ու կարևոր սկզբունքային հարցերի շուրջ երեկ էլ է նույնը եղել, վաղն էլ նույնը կլինի ու մյուս օրն էլ: Այդ հայտարարությունը համարում եմ մի փուլ, որը երկուսս էլ կարող ենք պատվով փակել ու գնալ դեպի համագործակցություն:
Ես հորդորել եմ իմ բարեկամին զգացմունքային արտահայտություններ ու եզրույթներ չօգտագործել ու հուսով եմ, որ իմ լավ բարեկամ, իմ կող մից շատ հարգված Արմեն Ռուստամյանը կընդունի իմ բարեկամական առաջարկը»: