Լ. Զուրաբյանի համար հուզիչ է հետեւել ՀՀԿ-ՀՅԴ-ի դրամային
ПолитикаԱյսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խոսեց 2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի մասին՝ ասելով, թե ՀՀԿ-ն վախենում է խոսել այդ մասին, քանի որ իրականում նրանք պարտվել են: «Իրենք ցանկացած փաստարկից խուսափում են: Ուզո՞ւմ եք՝ էքսպերիմենտ անենք ու համոզվենք: Սա խոցելի թեմա է նրանց համար, չեն ուզում արտահայտվել ու որոշում են կայացրել հասարակության կարծիքը շեղել, սակայն փախչելու տեղ չունեն»,- ասաց խմբակցության ղեկավարը:
Անդրադառնալով նաեւ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն համագործակցության թեմային՝ Լ. Զուրաբյանը նշեց, որ իրականում շատ հուզիչ է կողքից նայել այն դրամային, որը ծավալվում է քաղաքական ուժերի միջեւ. «Զարմանում եմ՝ ինչո՞ւ են հայտարարում կոալիցիայի մասին, հետո միայն պորտֆելների շուրջ սկսում բանավիճել: Մեզ ներքաշել են այդ սերիալի դիտման մեջ՝ նրանք ամեն օր ամուսնանում են, բանավիճում են, ներում են իրար, հետո նորից են նեղանում: Վատ չեն մտածել, եթե մտածել են մի քիչ զվարճացնել մեր ժողովրդին: Ես կոչ եմ անում նոր, հետաքրքիր սյուժեներ մտածել այդ շարունակվող ռոմանսի մեջ»:
Լ. Զուրաբյանը նաեւ հավելեց. «Ոչ մի դեմոկրատական երկրում կոալիցիա չի կազմվում ընտրություններից առաջ, դա լինում է ընտրություններից հետո: Կոալիցիա կազմում են անհուսալիությունից: Այդ կոալիցիոն մարմաջը սկսվել է հանրաքվեից հետո, քանի որ գիտեն, որ պարտվել են, լեգիտիմության պակասը փոխհատուցում են այդ կոալիցիայով: ՀՅԴ-ն մի կերպ կմտնի ԱԺ՝ հույսը դնելով ՀՀԿ-ի վրա»:
Խոսելով ՄԻՊ-ի ընտրության թեմայից՝ ՀԱԿ խմբակցության ղեկավարը այս անգամ եւս հայտարարեց. «Այդ ընտրությունը լրիվ վերահսկվում է ՀՀԿ-ի կողմից: Մենք հակված ենք չմասնակցել, սակայն վերջնական որոշումը հետո կկայացնենք: Ես անձամբ կողմ եմ Զարուհի Փոստանջյանի թեկնածությանը, եթե գործընթացը կոնտեքստից դուրս նայենք»:
Սոսե Չանդոյան