Կարապետյան-Սենեկալ զույգը կփորձի գեղասահքի աշխարհի առաջնության վարկանիշ նվաճել
СпортԳեղասահորդներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը կմասնակցի Գերմանիայում կայանալիք «Bavarian open» միջազգային մրցաշարին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը, այս մրցաշարը հնարավորություն կտա Բոստոնում կայանալիք գեղ ասահքի աշխարհի առաջնությանը մասնակցության միավորներ հավաքել: Զույգը միավորներ հավաքել է երկար ծրագրի համար, իսկ կարճ ծրագրի համար կարևոր է Գերմանիայի մրցաշարը:
Անդրադառնալով Բրատիսլավայում կայացած Եվրոպայի առաջնությունում զույգի արդյունքներին՝ Մ. Ստեփանյանը նշեց, որ Կարապետյան-Սենեկալ զույգը առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի առաջնությանը եւ զբաղեցրած 18-րդ հորիզոնականը նրանց համար բավական լավ արդյունք է: «Հայաստանի հավաքականը դատավոր չունի մրցաշարերում, իսկ դատավորի բացակայությունը միշտ զգացնել է տալիս: Ընդ որում, ասվածը վերաբերում է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ բոլոր այն հավաքականներին, որոնք չունեն դատավոր»,- ասաց ֆեդերացիայի նախագահը:
«Bavarian Open»-ը կմեկնարկի փետրվարի 17-ին և կավարտվի 21-ին: Մրցաշարին կմասնակցեն 18 զույգ: