Քաղաքական ո՞ր ուժերի հետ է ՀԱԿ-ը հանդես գալու Մարտի 1-ի հանրահավաքին
ПолитикаՕրերս ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Orer.am-ի հետ զրույցի ժամանակ ասել էր, որ անհանգստացած է Ազատության հրապարակում հավաքվածների ճակատագրով այն բանի համար, որ հրապարակում հավաքված մարդկանց շուրջ հատկապես Մարտի 1-ին բավարար թվով ցուցարարներ չեն հավաքվելու:
Հայտարարությանն ի պատասխան՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն արձագանքեց. «Ինչ-որ խելացի միտք չեմ տեսնում արտահայտված ՀՀԿ խմբակցության ղեկավարի կողմից: Խոսքը պետք է ինչ-որ մակարդակի վրա միտք արտահայտի, որ արժանանա իմ ուշադրությանը: Իսկ ինչ վերաբերվում է Մարտի 1-ի հանրահավաքներին, ապա այդ հանրահավաքները ՀԱԿ-ը կազմակերպում է 2009 թվականի Մարտի 1-ից ի վեր: Այդ օրվա հանրահավաքով մենք ոչ միայն հարգանքի տուրք ենք մատուցում այդ օրը զոհվածներին, այլեւ հանրահավաք ենք հրավիրում՝ վերլուծելու համար նաեւ երկրում ստեղծված իրավիճակը: Խոսում ենք ոչ միայն պետական իշխանության կողմից սեփական ժողովրդի վրա կրակելու դատապարտման մասին, այլեւ ներկայացնում ենք թե ինչ վիճակ է երկրում ու ինչպես ենք մենք շարժվելու առաջ»:
Ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավարի՝ Մարտի 1-ին հավաքվելու քաղաքական ավանդույթը շարունակվելու է. «Մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցավ մեր կուսակցության վարչության նիստը, որում որոշում ըդնունվեց ՀԺԿ-ի հետ համատեղ մեր ավանդական հանրահավաքն անցկացնել Մարտի 1-ին»:
Հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը չի՞ համախմբելու քաղաքական ընդդիմադիր այլ ուժերին Մարտի 1-ի հանրահավաքին, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Ժողովուրդը համախմբված է Մարտի 1-ի հանցագործությունները դատապարտելու համար, իսկ այլ քաղաքական ուժերի հետ միասնական հանդես գալու հարցը դեռ չենք քննարկել: Մենք անում ենք այն, ինչ արել ենք ամեն տարի»:
Սոսե Չանդոյան