Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերությունը կպայքարի Չինաստանի ազդեցության դեմ
Международные новостиՓետրվարի 4-ին՝ Օքլենդում (Նոր Զելանդիա), Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 12 երկրներ՝ ԱՄՆ-ն, Ճապոնիան, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Մեքսիկան, Պերուն, Չիլին, Մալայզիան, Բրունեյը, Սինգապուրը և Վիետնամը, ստորագրեցին Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր:
Հետաքրքրական է այն հանգամանքը, որ նման խոշորագույն համաձայնագրի կնքումը տեղի ունեցավ աշխարհի գողտրիկ անկյունում գտնվող Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում: Իսկ նման վայր ընտրելու բացատարությունը կայանում է նրանում, որ Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերություն ստեղծելու մասին առաջարկությամբ 2003 թվականին հանդես էին եկել Նոր Զելանդիան, Սինգապուրը և Չիլին: 2005 թվականին նրանց միացել է նաև Բրունեյը, և այս չորս երկրները ստորագրել են կառույցի ստեղծման համաձայնագիր, որը ուժի մեջ է մտել 2006 թվականին:
Սակայն 2008 թվականի այդ գործընկերության նկատմամբ ԱՄՆ-ի ցուցաբերած հետաքրքրության արդյունքում կառույցում ներգրավել ցանկացող երկրների թիվը նկատելիորեն ավելացել է: Նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկեցին 2010 թվականին: Կողմերը նախագծի վերաբերյալ սկզբունքային պայմանավորվածություն են ձեռք բերել 2015 թվականի հոկտեմբերին:
Այն վերջին 20 տարիների ընթացքում ձևավորված ամենախոշոր տնտեսական բլոկն է: Վերջինիս շրջանակներում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ստեղծվելու է ազատ առևտրի գոտի:
Կազմակերպությունը հավակնում է դառնալ տարածաշրջանային խոշորագույն տնտեսական միավորումը, քանի որ վերջինիս բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 40%-ը և համաշխարհային առևտրի 1/3-ը:
Համաձայնագիրը նախատեսում է փոխադարձ առևտուր իրականացնելիս սակագների կրճատում, բարելավված պայմաններով փոխադարձ հասանելիություն միմյանց շուկաներում:
պարբերականը ըստ ոլորտների ներկայացրել է միության հնարավոր առավելություններն ու թերությունները: Անդրադառնալով առևտրի ոլորտին պարբերականը գրում է որ միութունն ենթադրում է 18.000 տեսակի հարկերի ու առևտրային խոչընդոտների չեղարկում: Սակայն այն նաև հնարավորություն է ընձեռում կազմակերպություններին դատի տալ Կառավարության այն օրենքների համար, որոնք ազդում են իրենց շահույթի չափաբաժնի վրա, ինչը, մեղմ ասած, բավականին ռիսկային գործոններ է ենթադրում:
Մի շարք վերլուծաբանների կարծիքով նման կազմակերպության ստեղծումը և ԱՄՆ-ի հետաքրքրվածությունն այս բլոկի հանդեպ մեկ նպատակ է հետապնդում՝ նվազեցնել Չինաստանի՝ Ասիա- խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազդեցութունը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2015թ. հայտարարել էր. «Երբ մեր ապրանքատեսակների պոտենցիալ սպառողների 95% ապրում են ԱՄՆ սահմաններից դուրս, մենք չենք կարող թույլ այլ պետություններին, ինչպիսին Չինաստանն է՝ սահմանել համաշխարհային տնտեսության կանոնները: Այդ օրենքները պետք է մենք սահմանենք՝ ամերիկյան ապրանքների համար նոր շուկաների հնարավորություններ ստեղծելով»:
Չինաստանը հստակ գիտակցում է ԱՄՆ-ի այս քայլի ենթատեքստերն ու գիտակցում, որ նոր մարտահրավերի առջև է կանգնելու: Վերջինս անում է հնարավորինս այդ միավորմանը հակազդելու համար: Ներկա պահին Չինաստանի ուշադրության կենտրոնում է «Մետաքսի ճանապարհ» նախագծի իրացումը:
Չնայած դեռ վաղ է կանխատեսել վերջերս ձևավորված միության հնարավոր աշխարհաքաղաքական ազդեցության մասին, սակայն վերլուծաբանները չեն բացառում, որ մինչ ԱՄՆ-ն ու Չինաստանը պայքարում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազդեցութան համար, այն կարող է նրանց միջև տնտեսական սառը պատերազմի պատճառ հանդիսանալ:
Նարինե Մեհրաբյան