Սերբիան կենթարկվի՞ ԵՄ-ի պահանջներին
Международные новостиՍերբիան տարիներ շարունակ փորձում է ԵՄ անդամ դառնալ: Վերջինս ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստացել է 2012թ. մարտին, իսկ անդամակցության վերաբերյալ պաշտոնական բանակցությունները մեկնարկվել են 2014թ. հունվարից:
Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի հայտարարության համաձայն՝ մինչև 2019թ. Սերբիան մտադիր է ավարտին հասցնել եվրաինտեգրման գործընթացը: Վերջինս, սակայն հաշվի չի առել այն խոչընդոտները, որոնց Սերբիան դեմ առ դեմ կկանգնի մինչև ԵՄ անդամ դառնալը:
Անդամակցության համար Եվրախորհրդարանի ներկայացրած կարևորագույն պայմաններից են Սերբիայում սոցիալ-տնտեսական բարեփոխումներ անցկացնելը, դատավորների ու դատախազների աշխատանքում քաղաքական ազդեցության բացառումը և հանցագործությունների ու կոռուպցիայի դեմ պայքարում ջանքերի ակտիվացումը:
Սերբիայի եվրաինտեգրման «ամենացավոտ կետը» Կոսովոյի անկախությունը ճանաչելու հանգամանքն է: Կոսովոյի անկախությունը չճանաչելու դեպքում Սերբիան չի կարողանա անդամակցել ԵՄ-ին, քանի որ Եվրամիությունը չի ընդունի իր կազմում մի երկիր, որն ունի նմանատիպ չլուծված խնդիր: ԵՄ երկրների մեծ մասն արդեն ճանաչել է Կոսովոյի անկախությունը, բացառությամբ հինգ երկրների՝ Հունաստանի, Կիպրոսի, Իսպանիայի, Ռումինիայի ու Սլովակիայի:
Հատկանշական է, որ Կոսովոն ևս վերջին տարիներին եվրասոցացման քայլեր է ձեռնարկել: Մյուս կողմից, Կոսովոյի ճանաչումը ԵՄ երկրների կողմից կնպաստի Պրիշտինայի ու Բելգրադի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչը շատ կարևոր է տարածաշրջանում կայունություն հաստատելու համար:
Եվրաինտեգրման ճանապարհին երկրորդ մեծ խոչընդոտը Ռուսաստանն է: Սերբիան ավանդական, ամուր, առևտրային կապեր է հաստատել Ռուսաստանի հետ: Չնայած ընթացող ասոցացման գործընթացներին՝ երկիրը հրաժարվել էր միանալ ՌԴ-ի դեմ ԵՄ-ի պատժամիջոցներին: Իսկ Եվրահանձնաժողովը պահանջում է Բելգրադից համապատասխանեցնել իր արտաքին քաղաքականությունը ԵՄ-ի քաղաքականության հետ:
«Eurobarometer»-ի վերջին հարցման արդյունքում, ԵՄ-ին անդամակցելու օգտին արտահայտվել է սերբ բնակչության գրեթե կեսը (48%), 28%-ը՝ ոչ: Իսկ այն հարցին, թե 15 տարվա ընթացքում ամենաշատ ֆինանսական օժանդակություն որ երկիրն է տրամադրել Սերբիային, պատասխանը հետևյալն է եղել՝ ԵՄ (27%), Ռուսաստան (20%), Ճապոնիա (15%) և Չինաստան (14%):
Այսպիսով, ստեղծված իրարամերժ ու հակասական իրավիճակում Սերբիան պետք է կարևոր որոշում կայացնի, ի կատար ածել ԵՄ-ի պահանջները, թե շարունակել առաջ շարժվել ընտրած ուղիով:
Անի Գասպարյան