Ըմբիշ Գարիկ Բարսեղյանը բրոնզե մեդալ է նվաճել Կիևի մրցաշարում
СпортԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները փետրվարի 13-14-ը մասնակցում են Ուկրաինայի անվանի մարզիկներին և մարզիչներին նիրված միջազգային 20-րդ մրցաշարին: ՀԱՕԿ լրատվության կայքի տեղեկատվության համաձայն, մրցումային առաջին օրը մրցագորգ են դուրս եկել 57 կգ, 65 կգ, 74 կգ և 97 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:
Հայ ըմբիշներից միայն 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանին հաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել: Նա 1/8 եզրափակիչում հաղթեց ուկրաինացի Ալեքսանդր Բուլատին, քառորդ եզրափակիչում առավելության հասավ ուկրաինացի Սերգեյ Ռատուշնիի նկատմամբ, սակայն կիսաեզրափակիչում զիջեց կրկին ուկրաինացի ըմբիշին: Բրոնզե մեդալի համար պայքարում Բարսեղյանը հաղթեց Ուկրաինան ներկայացնող Արմեն Առաքելյանին:
Հայաստանը մրցաշարին ներկայացնում են Գարիկ Բարսեղյանը, Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը, Վարուժան Կաջոյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը, Շամիր Աթյանը, Հաջիմուրադ Նուրմոգամեդովը, Սարգիս Հովսեփյանը (86 կգ), Էդգար Ենոքյանը, Անդրանիկ Գալստյանը (97 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):
Մրցաշարին այս տարի մասնակցում են 6 երկրների ավելի քան 100 ըմբիշներ: