Ջրացատկորդներ Լեւ Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար
СпортՌիո դե Ժանեյրոյում փետրվարի 19- 24-ը կայանալիք ջրացատկի աշխարհի գավաթի մրցաշարում Հայաստանը ներկայացնող ջրացատկորդներ Լեւ Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը կմեկնարկեն փետրվարի 21-ից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գոհար Զաքարյանը, փետրվարի 21-ին Լեւ Սարգսյանը կներկայանա 3 մ ոստնակացատկի նախնական փուլում: Փետրվարի 22 –ին եւ 23-ին կկայանան ոստնակացատկի կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլերը:
Փետրվարի 23-ին կմեկնարկի 10 մ աշտարակացատկի նախնական փուլը, որտեղ կներկայանան Լեւ Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը: Փետրվարի 24-ին աշտարակացատկի կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլերն են անցկացվելու:
Հիշեցնենք, որ մրցաշարը վարկանիշային է, եւ 18 ուժեղագույն մարզիկները հնարավորություն կստանան մասնակցելու օգոստոսին կայանալիք Օլիմպիական խաղերին:
Այս տարի մրցաշարին մասնակցում են 50 ազգային ֆեդերացիաները նեկայացնող 250 ջրացատկորդ: