Նորընտիր օբուդսմենը կայցելի Վարդգես Գասպարիին
ПолитикаՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր երդման արարողությունից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
Լրագրողների այն հարցադրմանը, թե արդյո՞ք ՄԻՊ-ը ձերբակալված Վարդգես Գասպարիի նկատմամբ իրականացված գործողություններն իրավաչափ է համարում, Ա. Թաթոյանը պատասխանեց. «Դուք էլ եք տեսնում, որ գրեթե ամեն օր այստեղ էի լինում, ու մանրամասն ծանոթանալու հնարավորություն ֆիզիկապես հնարավորություն չեմ ունեցել, բայց ես արդեն հայտարարել եմ, որ այդ հարցը այն աստիճան կարեւոր է, որ մարդու իրավուքների պաշտպանը պետք է զբաղվի դրանով»,- կարեւորելով Վ. Գասպարիի ձերբակալման հարցը՝ ՄԻՊ-ը հավելեց,- «Դա պատգամավորների կողմից բարձրացված հարց է, և պետք է զբաղվել այդ հարցով: Ես կայցելեմ Վարդես Գասպարիին»:
Հարցադրմանը, թե արդյո՞ք ՄԻՊ-ը կայցելի նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ա. Թաթոյանը նշեց. «Այո, իհարկե, բոլորին, ովքեր խնդիրներ ունեն կայցելենք»:
Մեր այն դիտարկմանը, թե քաղաքական մեծ հնչեղություն ստացած գործերը՝ Վարդգես Գասպարիի, Գեւորգ Սաֆարյանի, որքա՞ն առաջնահերթ են լինելու իր համար, Ա. Թաթոյանն ասաց. «Բոլորն էլ առաջնահերթ են: Հենց նոր են դեռ արդյունքները հայտարարել, ես ինքս ունեմ շատ հարցեր, որ հասկանամ առաջնահերթությունը յուրաքանչյուր գործի: Լրագրողները մարդու իրավուքների պաշտպանի առաջին գործընկերներից են: Բայց այս պահին ես չեմ կարող կանխակալ դատողություններ անել, որովհետեւ պետք է նայեմ, տեսնեմ, ուսումնասիրեմ»,- ասաց նա:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե պատրա՞ստ է ՄԻՊ-ը իշխանություններին տհաճություններ պատճառել, նա պատասխանեց. «Ես նման որակումներով չեմ ուզում առաջնորդվել, այն, որ իհարկե պատրաստ եմ խնդիրները վեր հանել եւ դրանք դաձնել քննարկման առարկա, միանշանակ է, այստեղ կասկած չի կարող լինել»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում տեղի ունեցած քվերակությունից հետո ձայների մեծամասնությամբ ՀՀ Մարդու իրավունքների 4-րդ պաշտպան էր ընտրվել Արման Թաթոյանը: