Արթուր Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Թեժ աշնան» գնացքից դաշնակցության թռնելը մամուլում և սոցիալական ցանցերում տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է դարձել: Ոչ իշխանական ուժերի համակիրները ՀՅԴ-ին մեղադրում են դավաճանության մեջ, միաժամանակ ակնարկելով իշխանությունների հետ համագործակցելու, ընդհուպ կոալիցիա կազմելու մտադրության մասին: Քառյակի երեք անդամները, չթաքցնելով զայրույթը, այդուհանդերձ փորձում են կամուրջները մինչև վերջ չայրել, ակնկալելով «անառակ որդու» վերադարձն ու խորհրդարանում այլ հարցերի շուրջ համագործակցության հնարավորութունը: Փոխադարձ մեղադրանքները, սակայն, որ հնչում են ասուլիսների և ԶԼՄ-ներին տրվող հարցազրույցների ժամանակ, հնարավոր է անհնար դարձնեն առանց այդ էլ փխրուն քառամիությունը:
124-ամյա կուսակցության ներկայացուցիչները վստահ են, որ սահմանադրական բարեփոխումների միջոցով հնարավոր է երկրում համակարգային բարեփոխումներ իրականացնել: Վիրավորված են, որ քառյակի իրենց գործընկերները չեն հասկանում, որ իշխանությունն ավելի հեշտությամբ կարող է վերարտադրվել գործող համակարգի պայմաններում: Ավելին, վստահ են, որ համակարգային փոփոխությունները կկանխեն որոշ ուժերի կողմից իշխանության հեշտ ձեռք բերումը: Իսկ եթե նկատի ունենանք, որ որոշ ուժերի մեջ դաշնակցությունը նկատի ունի նաև քառյակի անդամ կուսակցություններին, ապա պարզ է դառնում, որ ՀՅԴ-ն քառյակի կազմում գերադասում է առանձին խաղացողի կարգավիճակը:
Շատերի մոտ տարակուսանք էր առաջացնում նաև ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի՝ մեկ խրամատում հանդես գալու հանգամանքը: Բացահայտումը չուշացավ. ՀԱԿ-ը այնքան կտրուկ արձագանքեց քառյակի գործընկերոջ վարքին, որ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին հիշեցրեց ոչ վաղ անցյալի ժամանակները. «Երբ իշխանություն էին, իրենք նույն ոճով էին՝ անհանդուրժող, զրպարտող, արհամարող: Ցավոք սրտի, այդ ոճից դեռ չեն հրաժարվել»: Եթե սրան ավելացնենք ՀՅԴ կուսակցության քարտուղար Աղվան Վարդանյանի՝ Շեքսպիրյան հիշատակումն ի դեմս իրենց ուղղված քննադատական արձագանքին՝ «կատուն կմլավի, շունն էլ կհաչի», ապա հասկանալի է դառնում, որ Թումանյանի «Շունն ու կատուն» ավելի մոտ աղերսներ ունի տիրող իրավիճակին: Դաշնակցության՝ հանրահավաքին չմասնակցելու որոշումից արդյո՞ք կոալիցիայի հոտ չի գալիս հարցին Աղվան Վարդանյանը պատասխանել է, որ ով նման հոտ է առնում,ուրեմն շնչառական ուղիների հետ կապված խնդիր ունի: Խնդիրն, այպիսով, առայժմ գտնվում է առողջապահության ոլորտում, հարց է, թե որ՝ բուժթերապիայի թե՞ հոգեբուժության: