«Ես երբեք չեմ հեռացել իմ քաղաքական արժեհամակարգից»
ПолитикаԱյսօր ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսեց ՀՀԿ-ՀՅԴ համգործակցության և այսօր ստորագրված հուշագրի մասին:
«Իրավիճակի հրամայականն է, որպեսզի պետության ներսում հնարավոր լինի ամբողջ քաղաքական սպեկտորի ռեսուրսը հավաքել: ՀՀԿ-ի եւ ՀՅԴ համագործակցությունը պաշտոնների կռվի համար չէ, բայց կադրային հարցեր բարձացնելը օրինաչափ է»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը: Այն հարցին, թե Դաշնակցության համար ի՞նչ կարժենա ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակության լայն հատվածը չի վստահում ՀՀԿ-ին, և արդեն իսկ մամուլում շրջանառվում է այն տեսակետը, որ Դաշնակցության արտերկրի եւ մարզային կառույցները դեմ են համագործակցությանը, և խնդիրներ են առաջացել, Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց. «Ես կողքից գնահատականներն անլուրջ եմ ընդունում, մի տեսակ կա, որը հիմնավորապես չի ընդունում Դաշնակցությանը, ինչ էլ անի՝ չի ընդունի»,- շեշտեց նա:
Ըստ պատգամավորի՝ կարեւոր է այն, թե հետագայում կարո՞ղ են տվյալ ուժերը մարտահրվերներին դիմակայել եւ գործնականում ապացուցել, որ համագործակցությունն արդյունավետ է: Պատասխանելով նաեւ այն հարցադրմանը, թե առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ռուբեն Հակոբյանը կվերադառնա՞ ՀՅԴ, նա պատասխանեց կարճ եւ կոնկրետ. «Ո՛չ: Ես տարբեր առիթներով ասել եմ, որ Դաշնակցությունը նախ եւ առաջ գաղափարախոսություն է, արժեքային համակարգ, իսկ կազմակերպչական կառույցը արդյունք, հետեւանք է այդ գաղփարախոսության: Կարող են մարդիկ այդ կառույցում չլինել, կամ ինչ-որ ժամանակ եղած լինել, բայց մնում են իրենց գաղափարախոսության, որդեգրած արժեհամակարգում: Այս ընթացքում ես երբեք չեմ հեռացել իմ քաղաքական արժեհամակարգից»,- ասաց նա: