Պաշտոնանկ եղած նախարարներին նոր առաջարկներ կլինեն. Վահրամ Բաղդասարյան
ПолитикаԱյսօր ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնեց, որ ՀՀԿ-ական բոլոր այն նախարարները, որոնք պաշտոնանկ են արվել, հետագայում կունենան այլ աշխատանքի առաջարկներ. «Նրանք պրոֆեսիոնալներ են, կարող մարդիկ, եւ հետագայի հետ կապված քննարկումները դեռ ընթացքի մեջ են»:
Խոսելով նաեւ ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին` ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց. «Դաշնակցության համար հիմա ամենապատեհ պահն էր. համագործակցելով իշխանությունների հետ` իրականացնել իրենց ծրագրային դրույթները, քանի որ նրանց մոտեցումները՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցումը, դրված է Սահմանադրական փոփոխությունների հիմքում»: Պատասխանելով նաեւ Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցող բռնությունների հարցին` Վահրամ Բաղդասարյանը ասաց. «ՔԿՀ-ում նրա խցակիցների կողմից տեղի ունեցած ճնշումների վերաբերյալ հաղորդագրություն է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն»:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը խոսեց նաեւ իրենց կուսակից Մհեր Սեդրակյանի վարքագծի մասին, որը լրագրողներին նախիր էր անվանել, այնուհետ հայհոյել լրագրողներից մեկին: Միջադեպից հետո Վահրամ Բաղդասարյանն առաձնազրույց էր ունեցել Մհեր Սեդրակյանի հետ,ինչից հետո լրագրողներին ասել էր, որ Մհեր Սեդրակյանն նդամենը անեկդոտ էր պատմել, այլ ոչ թե վիրավորել լրագրողներին. «Այն, որ իբր նա ասել էր լրագրողին՝ ականջներդ մաքրի, դա լրագրողին չէր վերաբերում: Ես կցանկանայի, որ լրագրողն ու Մհեր Սեդրակյանը հանդիպեին, սակայն լրագրողը հրաժարվել էր, որը ես նորմալ եմ համարում: Լրագրողներին ուղղված նման բան չի եղել: Ինչ վերաբերում է հայհոյանքին, ապա նայել ենք տեսանյութը, նման բան չի եղել: Ես ուզում եմ փարատել ձեր բոլորի անհանգստությունները՝ կապված այն լուրերի հետ, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը մամուլի միջոցով փորձում է հաշվեհարդար տեսնել Մհեր Սեդրակյանի հետ: Մհեր Սեդրակյանի շրջապատ ասելով` չի կարելի հասկանալ միայն ՀՀԿ թիմակիցներին»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: