Սա ցավալի է, սա բլեֆ է, որ, իբր, քաղաքական դաշտը կարգավորելու են .Արամ Մանուկյան
ПолитикаԱյսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր խոսքը սկսեց գարնանային տրամադրությամբ. «Գարուն է, ժողովուրդ, եկեք գնանք քայլենք, ի՞նչ ենք հավաքվել այստեղ»,- ասաց Ա. Մանուկյանը` հայտարարելով, որ ասելիք չունի եւ լրագրողները կարող են անցնել հարցեր հնչեցնելուն:
Խոսելով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին, ընդդիմադիր պատգամավորը նշեց. «Սա ցավալի է, սա բլեֆ է, որ իբր քաղաքական դաշտը կարգավորելու են: Այն նախարարները, ովքեր ՀՅԴ-ի համար պաշտոնանկ են արվել, վա՞տ էին աշխատել: Ուղղակի ՀՅԴ-ն, որի վրա մատը դրել է, (էն երեխայի նման, որ ասում է՝ այս խաղալիքն եմ ուզում, այս ուտելիքն եմ ուզում), այդ նախարարությունն էլ տվել են նրան: Կարո՞ղ եք ասել՝ ո՞ր սկզբունքով այդ դեպքում տրվեց նրանց այդ պորտֆելները: Սա ընդամենը ՀՅԴ քմահաճույք էր: Քիչ հիասթափեցնող բաներ կար մեր իրականության մեջ, սա էլ ավելացավ: Եվ, ի վերջո, դուք լո՞ւրջ եք վերաբերվում Սերժ Սարգսյանի հայտարարությանը. դա այս ամենի շարունակությունն էր: Ի դեպ` այդ քաղաքական ամուսնությունից ենթադրվում էր, որ նոր սերունդ պետք է ծնվեր, սակայն երկուսն էլ ծերացած են»:
Անդրադառնալով արդեն իսկ նախկին ՀՀԿ-ական նախարարների կողմից կատարված աշխատանքներին` պատգամավորը հայտնեց. «Ոչ, Արմեն Աշոտյանը անիծեց կրթական համակարգի հերը: Վերջ, ուրիշ գնահատական չունեմ. նա կուսակցականացրեց ամբողջ կրթական համակարգը: Երբ ես ԿԳ փոխնախարար էի, որեւէ մեկը ՀՀՇ-ական չի դարձել ու կադրային ջարդ չի եղել: Ո՞նց կարելի է վարչական մեխանիզմն օգտագործել ու մարդկանց ստիպել դառնալ իրենց նման. որբի գլուխ են դարձրել մի ամբողջ համակարգ»,-ասաց նա:
Խոսելով նաեւ Մարտի 1-ին անցկացվելիք հանրահավաքի մասին` Ա. Մանուկյանը հայտարարեց, որ այդ օրը ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն եւ «Նոր Հայաստանը» հավաք, երթ են անցկացնելու ծաղիկներ են դնելու Մյասնիկյանի արձանի մոտ. «Մենք նաեւ նախաձեռնությամբ ենք հանդես եկել՝ հիշատակի օրերի մեջ այդ օրը ներառել որպես «Բռնաճնշումների դեմ պայքարի օր»:
Արդյո՞ք հիշատակի այդ օրը ներկա կլինի նաև ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Արամ Մանուկյանը դժվարացավ ասել: