Թուրքիան շարունակում է գլորվել անդունդը. «Հուրիեթ»
Международные новостиԹուրքիան շարունակում է գլորվել անդունդը եւ դա դադարեցնել հնարավոր չէ, չնայած մի քանի տարի առաջ արտասահմանյան մամուլը գրում է, թե կարծես «Թուրքիան բարձրանում է», իսկ պետական գործիչները, ԱՄՆ-ի ու Եվրամիության փորձագետները թուրքական իշխանություններին բնութագրում էին որպես «ժամանակակից, ժողովրդավարական, բարեփոխումների միտված եվրոպամետ մուսուլմաններ:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, թուրքական Hurriyet Daily թերթում գրում է մեկնաբան Բուրաք Բեքդիլը:
Ավելի վաղ Արեւմուտքում գտնում էին, որ Թուրքիան կարող է Մերձավոր Արեւելքում պակաս ժողովրդավարական մուսուլմանական երկրների համար օրինակելի պետություն դառնալ: Սակայն, այժմ պարզ է դարձել, որ դա այդպես չէ:
«Այժմ թուրքերը պետք է մեծ գին վճարեն իրենց առաջնորդների ռեւիզիոնիստական ամբիցիաների եւ սխալ ռազմավարական մտածողության համար», -գրում է Բուրաք Բեքդիլը ամերիկյան Gatestone Institute-ի վերլուծական կենտրոնի համար հոդվածում:
Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ անկանոնություն է տիրում: Վերջին 7 ամիսների ընթացքում այդ երկրում 170-ից ավելի մարդ դարձել է ահաբեկչական գրոհների զոհ, հարյուրավոր մարդիկ էլ զոհվել են թուրք ուժայինների եւ քրդերի շարունակվող բախումների ժամանակ:
«Թուրքիան քաոսի ծով է լողում նաեւ իր սահմաններից դուրս: Երկիրը գնալով ավելի շատ միջնորդավորված պատերազմ է վարում շիաների եւ Դամասկոսում, Բաղդադում եւ Թեհրանում կառավարությունների, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ, որը պաշտպանում է նրանց: Բացի այդ, նեոկայսերական ամբիցիաներով Թուրքիայի համար թշնամական պետություններ են հանդիսանում Լիբանանը. Լիբիան, Իսրայելը եւ Եգիպտոսը», -ասվում է հոդվածում:
Հեղինակը նշում է, որ Սու-24 ռմբակոծիչի թուրքական օդուժի կողմից խոցվելուց հետո Սիրիայում Ռուսաստանի սպառազինության տեղակայման ֆոնին Թուրքիան «անօգնական է երեւում»: Իսկ ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցները ՌԴ-ի հետո հակամարտության դեպքում նրան օգնելու հարցում բացառիկ սառնություն են ցուցադրել:
Մերձավոր Արեւելքում խաղաղություն տիրելու համար անհրաժեշտ է մի քանի հարց լուծել: Այդ թվում` արդյոք թուրքական իշխանությունները երբեւէ կգիտակցեն, որ իրենց նեոկայսերական ամբիցիաները համարժեք չեն տարածաշրջանում իրեցն ունեցած ուժին եւ ազդեցությանը: Կկարողանան արդյոք սունիները երբեւէ զսպել կրոնական էքսպանսիայի իրենց ձգտումը: Սունիները երբեւէ կկարողանան ինքնուրույն կանգնեցնել արմատականացումը` առանց ոչ մուսուլմանական պետությունների միջամտության: Հոդվածի հեղինակի կարծիքով` բոլոր այդ հարցերի պատասխանը բացասական է: