Կան բոլոր հիմքերը, որպեսզի Բունդեսթագը այս տարվա ընթացքում դատապարտի Հայոց ցեղասպանությունը. Շարմազանով
ПолитикаԳերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող նախագծի քննարկումները ցույց են տվել, որ բոլոր խմբակցությունները ընդունում են, որ 1915 Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածները ցեղասպանություն է, որը պետք է դատապարտվի: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Չեղավ որևէ ելույթ, որը կարող էր հարցականի տակ դնել Ցեղասպանությունը: Քննարկումից հետո ես հանդիպել եմ նախագծի հեղինակ Ջեմ Օզդեմիրի հետ, մեկ օր անց էլ՝ Բունդեսթագի փոխնախագահ տիկին Բուլմանի հետ: Նրանք երկուսն էլ հայտարարել են, որ պատրաստ են այս տարվա ընթացքում հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի Բունդեսթագը դատապարտի Հայոց ցեղասպանությունը»,- նշեց Շարմազանովը:
Շարմազանովը հավելեց, որ Գերմանիայի իշխող կոալիցիայի ներկայացուցիչների մեծ մասը արտահայտվել է Ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտության վերաբերյալ: «Ես կարծում եմ, որ կան բոլոր իրական հիմքերը, որպեսզի 2016թ. ընթացքում Գերմանիայի Բունդեսթագը դատապարտի Հայոց ցեղասպանությունը»,- եզրափակեց Շարմազանովը: