Յուրա Մովսիսյան. Սրության պակասը կապված է պատրաստության սուղ ժամանակի հետ
СпортԵթե հիշեմ իմ բոլոր վրիպումները, մի ամբողջ օր կանցնի, ասել է ամերիկյան ՄԼՍ-ի «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը՝ մեկնաբանելով ԿՕՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի խաղում հարմար դիրքից «Տիգրեսի» դարպասը չգրավելը:
«Ինձնից շատ ոչ ոք ճնշում չի գործադրում վրաս: Գիտեմ, որ հարձակվողը պետք էգոլ խփի, եւ կխփեմ:
Չափից դուրս հարգանքով վերաբերվեցինք մրցակցին: Եթե ավելի սուր խաղայինք, ապա ավելի լավ արդյունքի կհասնեինք:
Սրության պակասը կապված է պատրաստության սուղ ժամանակի հետ: Սակայն դա արդարացում չէ»,- Յուրա Մովսիսյանի խոսքը մեջբերում է The Salt Lake Tribune-ը:
ԿՕՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Սոլթ Լեյքը» տանը 1։1 հաշվով ոչ ոքի է խաղացել «Տիգրեսի» հետ եւ լքել պայքարը։ Առաջին խաղում մեքսիկացիները տնային հաղթանակ էին տարել 2։0 հաշվով։
ԱՄՆ-ում կայացած պատասխան խաղի առաջին գոլը «Ռեալ Սոլթ Լեյքը» 22-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո։ 73-րդ րոպեին ամերկացիները նաեւ վրիպել են 11 մետրանոցից, իսկ ավելացված ժամանակում գոլ են բաց թողել։ Մովսիսյանը փոխարինվել է 84-րդ րոպեին։